Home / Ոստիկանություն / Ծառուկյանի Նվերը կապ չունի․ քրեական գործ

Ծառուկյանի Նվերը կապ չունի․ քրեական գործ

Ծաղկաձորի խաղատներից մեկում կրակոցների գործով հետախուզվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին և նրա թիկնապահները։ Միջադեպը մոտ երեք շաբաթ առաջ է տեղի ունեցել, կալանավորման որոշում կա։

«[Հոկտեմբերի վերջին] քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և կողոպուտի հատկանիշներով, հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում», – ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Միջադեպից քանի՞ օր անց է հետախուզում հայտարարվել, ինչպե՞ս է Ծառուկյանի որդին կարողացել լքել Հայաստանը։ Ներքին գործերի նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել:

Նվեր Ծառուկյանին փնտրելու կարիք չկա՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։ Էմին Խաչատրյանի խոսքով՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպից երկու օր անց կրտսեր Ծառուկյանը, որը հոր ընկերությունում՝ Մուլտի Գրուպ կոնցերնում է աշխատում, թիկնապահի ուղեկցությամբ գործուղման է մեկնել։ «Երբ վերադառնա, կներկայանա իրավապահներին»։

nver tsarukyan
Նվեր Ծառուկյանը

Միջադեպը, ըստ Խաչատրյանի, կենցաղային հարցի շուրջ է եղել։ «5 անձինց 3-ը օրեր առաջ ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։ 4-րդ անձի համար արդեն տոմս է գնվել, 14-ի լույս 15-ի գիշերը նա ժամանելու է Հայաստան հատուկ այս գործի համար։ Հաջորդիվ՝ գործուղումն ավարտելուց հետո, համապատասխան դիմումով կներկայացնենք, թե Նվեր Ծառուկյանը երբ կներկայանա», – ասել է փաստաբան Խաչատրյանը։ Կոտայքցի օլիգարխի որդին, ըստ նրա, զինված չի եղել, կրակողն էլ ինքը չէր։ 

Փաստաբանը, սակայն, հաստատել է, որ Նվեր Ծառուկյանի թիկնապահը «վերցրել է» խաղատանը տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները։ Իրավապահները սա կողոպուտ են որակավորել։ Իրեղեն ապացույցը հայտնվել է օլիգարխի որդու թիկնապահների, ոչ թե քննիչների ձեռքում։ Եթե թաքցնելու բան նա չունի, ինչո՞ւ է նախօրոք «վերցրել» տեսախցիկների ձայնագրությունները։ Հարցին փաստաբան Խաչատրյանը պատասխանել հրաժարվել է․ «Պատճառաբանությունները հանրայնացման ենթակա չեն այս պահին»։

Սա առաջին զինված միջադեպը չէ, որում շոշափվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի որդու անունը։ «Ազատությունը» հիշեցրել է՝ 2019-ի ձմռանն էլ Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ էին կրակոցներ հնչել։ Երկու երիտասարդ մահացել էր, 7-ը՝ հրազենային վիրավորում ստացել։

Մահացածներից 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատները պնդում էին, որ դիմահար կրակոցով նրան Նվեր Ծառուկյանն է սպանել։ Փաստաբան Էմին Խաչատրյանը սա էլ է հերքում․ «Գործը դատարանում է, կան մեղադրյալներ, դրանց շարքում չկա Նվեր Ծառուկյանը։ Նա այս գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի»։