Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, նախկին ֆիննախ Գագիկ Խաչատրյանի լոսանջելեսյան դղյակը կբռնագրավվի և կվաճառվի «շուկայական ամենաբարձր արժեքով»։ Հայաստանի գլխավոր դատախազությունը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների իրավասու մարմինների հետ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վաճառքից գոյացած գումարի զգալի մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու շուրջ։
Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը գործընթաց էր սկսել՝ ստուգելու գույքի ծագումն ու դրա օրինականությունը։
Գագիկ Խաչատրյանին Հայաստանում մեղադրում են պաշտոնը չարաշահելու, ապօրինի հարստանալու, հափշտակության և կաշառակերության, նրա որդիներին՝ փողերի լվացման մեջ։
2022-ի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարությունը (ԱՆ) հաղորդել էր՝ լոսանջելեսյան առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ ԱՆ-ն հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ հայաստանցի գործարար Սեդրակ Առուստամյանը նախկին ֆիննախ Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:
Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ ԱԱԾ-ի, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։
Առանձնատունը 2022-ին վաճառքի էր հանվել 63,5 միլիոն դոլարով։
Միացյալ Նահանգներում այս գործը քննվում է «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» (Kleptocracy Asset Recovery Initiative) շրջանակում։ Այն հիմնվել է Կոնգրեսի կողմից և նպատակ ունի խթանել ԱՄՆ կառավարության հանձնառությունը՝ պայքարելու օտարերկրյա կառավարությունների կոռուպցիայի դեմ և ծառայելու ԱՄՆ ջանքերին՝ բացահայտելու և վերականգնելու գողացված ակտիվները, բռնագրավելու կոռուպցիայից ստացված եկամուտները, անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ վերադարձնելու գողացված ակտիվները կամ հասույթները կոռուպցիոն գործողություններից տուժած երկրին:
Ամերիկայն ABC7 հեռուստաընկերության, 2022-ի մայիս
Գագիկ Խաչատրյանի որդիները «Գալաքսի գրուպ»-ի հիմնադիրներն են։ Ընկերությունների խումբը ներառում էր հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ը, Chronograph և Time ժամացույցների խանութների ցանցը, «Մեգա ֆուդ» և «Մեգա սպորտ» ընկերությունները, «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնները։ Խաչատրյանի դեմ քրեական հետապնդումը Հայաստանում մենկարկել է 2018-ի հեղափոխությունից հետո։ Նրա որդիների դեմ քրեական գործեր են հարուցվել 2020-ին։
Հուլիսի 8-ին Հայաստանի Գլխավոր դատախազությունից հաղորդել են՝ ԱՄՆ իրավասու դատարանը որոշել է բռնագրավել և վաճառքի հանել «հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը»։
«Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում` այդ թվում փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:
Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև հետևողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։
Արդյունքում, 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել:
Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:
Քրեական վարույթներից բացի, Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 միլիարդ դրամ», – ասված է դատախազության հաղորդագրությունում։