Home / Դատարան / «Հաղթանակի» այգու հյուրանոցային հողերը վերադարձվելու են

«Հաղթանակի» այգու հյուրանոցային հողերը վերադարձվելու են

«Հաղթանակ» զբոսայգու 17 հազար քառակուսի մետրերը, որոնք 2006 թվականին ապօրինաբար օտարվել են Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օգտին, կվերադարձվեն պետությանը․ Վարչական դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը։

Վճռով առ ոչինչ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ստորագրած՝ 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը, որով Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու 17 077.6 քմ մակերեսով հողամասը վաճառվել է Մաքսային կոմիտեի նախկին ղեկավարին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին։

Հետագայում, ի դեպ, Ավետիսյանի բիզնեսները միայն ընդլայնվել են՝ նա հսկայական հյուրանոցային համալիրներ է կառուցել նաև Հյուսիսային պողոտայում և Ծաղկաձորում։ 2018-ից հետո Մաքսայինի նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ տարի անց նա որոշել է պետությանը «նվիրաբերել» ծաղկաձորյան 7-միլիարդանոց համալիրը, ինչից հետո քրեական գործը անսպասելիորեն կարճվել է։

Հողերը վերադարձնելու են

Երևանի գրավոր հատակագծի համաձայն, Գոլդեն Փելիսին օտարված 17 հեկտարը «Հաղթանակի» զբոսայգու տարածքի մաս էր համարվում և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու բերումով՝ ենթակա չէր օտարման։

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ դատախազության, գիտակցել է սա, այդ իսկ պատճառով օտարման որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ի կողմից 2006-ին թողարկված թիվ 18-09/2-881 կեղծ եզրակացությունը և չեղյալ համարելով 2003 թվականի իրավական ակտերը, որոնք տարածքի վաճառքը ըստ էության արգելում էին։

Ապօրինի օտարմանը առնչվող հայցերը անցյալ տարի ուղարկվել են դատարան։ Դատարանն այսօր առ ոչինչ է ճանաչել ոչ միայն օտարման, այլև դրանից բխող բոլոր հետագա որոշումները ՝ հիփոթեքի, առքուվաճառքի, սեփականության գրանցման վերաբերյալ։

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը:

16256-113996-f63753209_3xl
Հաղթանակի զբոսայգում (Ազատության 2/2) գտնվող Գոլդեն Փելիս հյուրանոցը հետագայում անվանափոխվել և դարձել է Radisson Blu Hotel Yerevan

մաքսայինի պետ․ հյուրանոցներ, օֆշորներ, փողերի լվացում

«Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ն փաստացի պատկանում է մաքսային պետական կոմիտեի նախկին (2001-2008 թթ.) նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

ՍՊԸ-ն ստեղծվել է 2000-ին՝ երևանցիներ Արայիկ Հայրապետյանի և Տիգրան Առաքելյանի կողմից: 2004-ի օգոստոսին երկու հիմնադիրներն իրենց տեղը զիջել են կիպրական «Riverhill Holdings Limited»-ին, որի օրոք էլ՝ 2005-ին, տեղի է ունեցել «Գոլդեն Փելիս» առաջին հյուրանոցի բացումը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում:

Թե ինչ օֆշորային մեխանիզմներ են կիրառվել՝ հյուրանոցային համալիների սեփականատերերին թաքցնելու, հարկերից խուսափելու, ապօրինի եկամուտները օրինականացնելու, փողերը լվանալու և եկամուտները Հայաստանից արտահանելու համար՝ պարզվել է 2020-ին՝ Կայմանյան ազգային բանկից (Cayman National Bank) արտահոսած տվյալների շնորհիվ։

Պաշտոնավարման ընթացքում հարստացած Ավետիսյանը լրահոսում հայտնվեց 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նախկին պաշտոնյան անցնում էր փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով։

Քրգործը 2019-ին անսպասելիորեն կարճվեց։ Միաժամանակ պարզվեց, որ Ավետիսյանը «հոժարակամ» պետությանն է նվիրել 2013 թվականին Ծաղկաձորում բացված «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որի արժեքը մոտ 7․5 միլիարդ դրամ էր գնահատվում։

l-jgcgRcBem7
Ծաղկաձորյան Գոլդեն Փելիսը 2018-ից հետո «նվիրաբերվել է» պետությանը

5 աստղանի հյուրանոցը 2020-ին ծառայում էր որպես կարանտինային գոտի․ Հայաստան ժամանակ պոտենցիալ քովիդ-վարակակիրներին պետությունը հենց այնտեղ էր մեկուսացնում։ Համալիրը հետագայում աճուրդի հանվեց և 2022 թվականին օտարվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին՝ 5 միլիարդ դրամով և առաջիկա 5 տարիների ընթացքում 4․5 միլիարդի ներդրումներ կատարելու ծրագրով։

Նրա ընտանիքին պատկանող մյուս հյուրանոցային համալիրները՝ Հաղթանակի զբոսայգում գտնվող Գոլդեն Փելիսը, որն այժմ Radisson Blu Hotel Yerevan է կոչվում, և Հյուսիսային պողոտայում գտնվող Գոլդեն Փելիս Հոթել Երևանը, շարունակվում էին շահագործվել շարունակում էին շահագործվել Ավետիսյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից։

l-D4S20E8rWR
Հյուսիսային պողոտայի Գոլդեն Փելիսը նույն տեղում է