Home / Դատարան / Սերժ Սարգսյանի եղբորից 4․5 միլիարդ դրամ և 1․2 միլիարդի գույք կբռնագանձվի

Սերժ Սարգսյանի եղբորից 4․5 միլիարդ դրամ և 1․2 միլիարդի գույք կբռնագանձվի

Շուրջ 4 միլիարդ 500 միլիոն դրամ և 1 միլիարդ 200 միլիոնի գույք` սա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի, նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի և դստեր այն ունեցվածքներն են, որոնք, ըստ դատախազության, ունեն ապօրինի ծագում և ենթակա են բռնագանձման։

«Բռնագանձման է ենթակա Լյովա Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող 9 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, որից միայն առևտրային բանկում պահվող ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար դոլար։ 

Օրինական եկամուտներով չի հիմնավորվել նաև 9 անշարժ գույքի ձեռքբերումը, 2 շարժական գույքի ձեռքբերումը և մասնակցությունը 3 առևտրային կազմակերպություններում», – Առաջին լրատվական ալիքի հետ զրույցում նշել է Դատախազության համապատասպան վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը։

Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է համարում մեկ բնակարան, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ: Որդուց՝ Նարեկ Սարգսյանից պետությունն ավելի մեծ պահանջներ ունի՝ ապօրինի է համարում նրա 8 անշարժ գույքը՝ դրանց մեկ մասը Արմավիրում է, 1-ը Երևանի կենտրոնում՝ Բյուզանդի փողոցի վրա, 2 հողամաս` Ֆուչիկի փողոցում, մեկ հողամասն էլ Դիլիջանում, մեկ մեքենա և 2.5 միլիոն դոլարի ավանդ։ Անի Սարգսյանի դեպքում ապօրինի է որակվել միայն 760 հազար դոլարի ավանդը։

Գլխավոր դատախազության պաշտոնյայի խոսքով, երեք վարույթների արդյունքում անշարժ կամ շարժական գույքերի և մեկ ընկերության շուկայական արժեքը 1 միլիարդ 260 միլիոն դրամ է կազմում։ Սա՝ չհաշված բանկերում պահվող հսկայական ավանդները։

Լյովա Սարգսյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականին։ Տարբեր տարիներին եղել է մի քանի երկրների Հայաստանի դեսպանը կամ հյուպատոսը։

Գույքերը, որոնք չեն հիմնավորվել Սարգսյանի օրինական եկամուտներով, ձեռք են բերվել 2003 թվականից հետո։ Ըստ Ենոքյանի, նախկին նախագահի եղբոր օրինական եկամուտները բավարար չէին՝ ոչ այդ գույքը գնելու, ոչ էլ նման ավանդներ ունենալու համար։

Երեք հայցերն էլ Հակակոռուպցիոն դատարանում են՝ նախնական լսումների փուլում։ Սարգսյանների պաշտպանը՝ Վահագն Գրիգորյանը նշում է, որ ամբողջությամբ առարկում է հայցի դեմ․ մանրամասները, ըստ նրա, կներկայացվեն դատարանին։

Լյովա Սարգսյանի 2018-ի հուլիսից հետախուզման մեջ է․ նա մեղադրվում է Հյուսիս-Հարավի շինարարության գործընթացում չարաշահումների, ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Ապօրինի հարստացման համար մեղադրանք է առաջադրվել նաև նրա երեխաներին։

Լյովա Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը (Ֆրանկլին Գոնսալես) մեղադրվում էր զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, առևանգման և մի շարք այլ հանցանքների մեջ։ 2020 թվականի դեկտեմբերին նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով: 2021-ի հունիսին դատապարտվել է 5․6 տարվա ազատազրկման։