Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի օրինականությունը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը հրավիրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Թե մեծահարուստ հոգևորականի ո՞ր գույքերն են կասկածների տեղիք տվել՝ դատախազությունից չեն մանրամասնում։ Մեկնաբանություններ չի տալիս նաև Մայր Աթոռն ու Արարատյան Հայրապետական թեմը։
Հանրահայտ արքեպիսկոպոսը սովորաբար աչքի էր ընկնում իր «Բենթլիով» և գողական շրջապատով, նախագահից զենք էր նվեր ստանում և այլն։ Տարիներ առաջ հայտնվել էր նաև մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսյան օֆշորային սկանդալի կիզակետում։
Արդեն 2020 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատեր Փայլակ Հայրապետյանին մոտ 11․5 միլիարդ դրամով ունեզրկելու, ստացած գումարները օֆշորային գոտում հիմնադրված ընկերության միջոցով օրինականացնելու և հետագայում հանցագործության համար մեղքը իր սանիկի վրա բարդելու համար։ Մայր Աթոռն այս կապակցությամբ հանդես էր եկել կոչով՝ հարգել բարձրաստիճան հոգևորականի անմեղության կանխավարկածը, և հիշեցրել Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդության մասին՝ ազատ արձակել այն ժամանակ բանտարկված Ռոբերտ Քոչարյանին։
ԱԱԾ-ն հայտարարել էր, թե Կճոյանը 2010 թվականին խաբել է գործարար Հայրապետյանին և խարդախությամբ ձեռք բերել վերջինիս ընտանիքին պատկանող՝ 11 միլիարդ 442 միլիոն դրամ արժողությամբ գույքերի նկատմամբ իրավունքը, որոնց գրավադրմամբ «Ամերիա» բանկից ստացել և յուրացրել է 9 միլիոն դոլարին համարժեք գումար և 361 միլիոն դրամի չափով վարկային միջոցներ։
Կճոյանը համոզել է գործարարին, թե այդ գումարները, որպես ներդրում, ուղղվելու են Աֆրիկայում իրեն պատկանող ադամանդի հանքի բիզնես-ծրագրերին։ Յուրացրած փողերը հետագայում լվացվել և օրինականացվել են օֆշորային գոտում հիմնադրված ընկերության միջոցով, որի 33 տոկոսանոց բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:
Տարիներ առաջ բացահայտված Կիպրոսի օֆշորային սկանդալում Կճոյանից բացի ներգրավված էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու մեջ։ Մեղքը հետագայում իր վրա է վերցրել գործարար Աշոտ Սուքիասյանը, ով հայտարարել է, իբր վարչապետին և արքեպիսկոպոսին օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ առանց վերջիններիս գիտության։
Շուրջ 6 տարի առաջ Սուքիասյանը, որը արեպիսկոկոս Կճոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր, այս գործով 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Արդեն 2020 թվականին պատիժը մեղմացվել է և նա ազատ է արձակվել։
2022 թվականին հայաստանյան դատարանը արդարացրել է նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին․ սրբազանի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով են անցնում բազմաթիվ նախկին պաշտոնյաների ընտանիքները, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստրերը, նախկին նախագահի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլն։
Առ այսօր այս գործերից միայն երկուսն են հասել դատարան։ Առաջինը ԱԱԾ նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին և նրա ընտանիքին պատկանող՝ ընդհանուր առմամբ 485 միլիոն դրամ արժողությամբ գույքին է վերաբերում։ Երկրորդը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործն է։