Home / Դատարան / Ինչի համար են հետապնդում Հայաստանի նախկին վարչապետին

Ինչի համար են հետապնդում Հայաստանի նախկին վարչապետին

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը (հայտնի է նաև «Մուկ» մականունով, Հանրապետական կուսակցության լիդերներից էր) մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ՝ հայտնում է Գլխավոր դատախազությունը։

2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, Հովիկ Աբրահամյանը անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ՝

— Հ․Ա․-ն ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ

— Հ.Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Հ.Ա.-ի եղբայրը՝ Հե.Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Գալստյանին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ: Համայնքի ղեկավար Գալստյանը, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը:

— Հ.Ա.-ն «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ.Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ.Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ.Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է Հենրիկ Աբրահամյանին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եղբոր՝ Ք.Ս.-ի աներորդուն՝ Խ.Ա.-ին:

— Հ.Ա.-ի եղբայր Հե.Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավարին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ:

2008-2015 թվականների ընթացքում Հ.Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ:

Հ.Ա.-ն 2008-2018 թվականների ընթացքում ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը:

2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացվել Հ.Ա.-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հիշեցնենք՝ մարտի 17-ին դատախազությունը պահանջել էր բռնագանձել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից և փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող 59 անշարժ գույք և միլիոնավոր դոլարների այլ ակտիվներ։

Մոնումենտի ոսկեզօծ առանձնատների վերաբերյալ 2018 թվականին առանձին քրեական գործ էր հարուցվել։ Դղյակն անցնում էր նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով։ 2022-ին, սակայն, քննիչն առանց Դատախազությանը տեղյակ պահելու Աբրահամյաններին հնարավորություն է տվել 5 միլիոն դոլարով վաճառել այն։