Home / Շուկա / Էլիտ Հոլդինգը տներ է քանդում․ Ֆիրդուսը հանձնել են բիզնեսին

Էլիտ Հոլդինգը տներ է քանդում․ Ֆիրդուսը հանձնել են բիզնեսին

Հարկադիր կատարողները և կառուցապատող ընկերության ներկայացուցիչները կոտրում են Ֆիրդուսի սեփական տների դռները՝ առանց տերերին չափագրումների մասին ծանուցելու։ Տարածքում համատարած շինարարություն է։ Երևանի պատմական թաղերից մեկը ծածկվում է բիզնես-կենտրոններով և էլիտար շենքերով։ Կառավարությունը սա «հանրային գերակա շահ» է համարում։

Ֆիրդուսի նախկին բնակիչները մեծամասամբ գործարքի են գնացել Էլիտ Գրուպ/Էլիտ Հոլդինգ ընկերության հետ՝ փոխհատուցում են ստացել և լքել տարածքը։ Նրանց տներն արդեն քանդել են։ Տարածքում մոտ տաս տուն է մնացել։ Դրանց սեփականատերերը հրաժարվել են պայմանագիր կնքել կառուցապատողի հետ․ ընկերությունը, ըստ նրանց, շուկայականից ցածր գին է առաջարկել։

«Ես չեմ վաճառում իմ գույքը։ Չեմ վաճառում։ Եթե խլում եք ինձնից իմ սեփականությունը, ուրեմն՝ արեք դա օրենքով։ Օրենքը պահանջում է տալ համարժեք փոխհատուցում գումարած 15 տոկոս։ Ի՞նչ արժի մեկ քառակուսի մետրն այս տարածքում։ Մեկ քառակուսի բնակելի մակերեսն իրենք վաճառելու են սկսած ամենաքիչը 5 հազար դոլարից։ Բայց իմ գույքը՝ ընդհանուր 447 քառակուսի մետր, գնահատել են ընդամենը 38 միլիոն դրամ։ Թող կենտրոնում ինձ այդ գնով գույք առաջարկեն՝ միանգամից կառնեմ։ Ես պահանջում եմ հարգել օրենքը՝ շուկայական գներին համարժեք փոխհատուցում տալ գումարած 15 տոկոս», – բացատրել է բնակիչներից մեկը։

Ֆիրդուսի ապամոնտաժման նախագիծը 2008-ից է սկսվել։ 2016-ին վերացրել են Ֆիրդուսի շուկան։ Հետո սկսել են քանդել տները։ 2018-ի մարտին՝ հեղափոխությունից մի քիչ առաջ, թաղամասը հանրային գերակա շահ է ճանաչվել։ 2020-ին քանդել են նաև պատմական շենքերը։ Բնակիչների մի մասին հանել են ուժով։ Կան դեպքեր, երբ մարդիկ հրաժարվել են փոխհատուցումից և դիմել են դատարան։ Կան դեպքեր, երբ տունը օտարվել է, բայց ոչ բոլոր սեփականատերերն են համաձայնություն տվել և փոխհատուցվել։ Դատական հայցերը դեռ քննվում են։

Տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի 25-ին։ Դրանում պատկերվածը շարունակական է։

Տես նաև․

Ֆիրդուսի կառուցապատումը չխնայեց նաև «նկարիչների տունը»

Մարդկանց ծեծելով հանում են տներից Երևանի կենտրոնում

Հին Երևանը շարունակում են պաշտպանել «բացառիկ` գերակա» բիզնեսից

Ֆիրդուսի կառուցապատումը կոռուպցիա է