Աբխազիայի խորհրդարանում հրաձգության հետևանքով մահացել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, ընդդիմադիր Կան Կվարչիան վիրավոր է։
Ազգային ժողովում քննարկվում էր կրիպտոմայնինգն արգելելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
«Նիստի ընթացքում պատգամավորներ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան սկսել են վիճել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կանի ուղղությամբ։ Մահացած Վախթանգ Գոլանդզիան փորձում էր բաժանել նրանց», – հայտնել է «Էխո Կավկազա» լրատվականը։
Պատգամավոր Գոլանձիան մահացել է հրազենային վնասվածքից, հայտնել է Աբխազիայի Առողջապահության նախարարությունը։ Կան Կվարչիան էլ վիրավորում է ստացել ձեռքի հատվածում։ Աբխազիայի Ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Կյուտի խոսքով՝ կասկածյալ Ադգուր Խարազիան դեպքի վայրից փախել է։
Ադգուր Խարազիան Սուխումիի նախկին քաղաքապետն է։ 2020 թվականին նա ձերբակալվել է Սուխումիի կենտրոնական շուկայի աշխատակից Ալմաս Շաքրիլի առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու համար։ Բացի այդ, մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։