Կառավարությունը այսօրվա նիստին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագծին, թեև անդամակցությունը չի կարող լինել առանց հանրաքվեի։
«Վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշում կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով», – զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրենքի ընդունումը միայն նշանակում է, որ Կառավարությունը ԵՄ-ի հետ պիտի քննարկի և մշակի ճանապարհային քարտեզ։ Մինչ այդ քարտեզի ստեղծումը, որը տարիներ կարող է տևել, հանրաքվե կամ այլ գործողություն չի լինի։
Նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել, կառավարությունից պահանջվում էր դիրքորոշում հայտնի։
տե՛ս Ռետինե կալոշ, ռուսական դրոշ, մահ կամ Եվրոպա
Մինչ այս եվրոպամետ ուժերի կոալիցիան Հայաստանի տարբեր մարզերում ստորագրահավաք էր անում, որ հարցը դարձնի խորհրդարանական քննարման առարկա։ Հայտարարվում է, որ ստորագրահավաքին մոտ 60 հազար մարդ է մասնակցել։
տե՛ս Եվրոպացիք ո՞ւր էին, երբ Գյումրին Եվրոպա էր
ԵՄ-ի հետ մերձեցման հարցում մի քանի բան արդեն առաջ է գնացել։ Փաշինյանը կարևորել է մասնավորապես տուրիստական վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները և ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանը դարձնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի մաս։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավելել է.
«ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ըստ էության ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։ Դուք հայտարարել եք, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»։
Միրզոյանը առաջարկել է մոտարկել հայկական օրենքները եվրոպականին, որ երբ «պահը գա» և անդամակցության «որոշում կայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից»՝ հնարավոր լինի ավելի հեշտ և արագ այդ պրոցեսը անցնել։
Հայաստանի կառավարությանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է՝ հնարավոր չէ լինել միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ։
«Երկու տարբեր կազմակերպության անդամ լինելը, եթե նայենք հիպոտեթիկ, ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժման մի գոտի է, այնտեղ՝ մեկ այլ», – ասել է նա։
Արտահայտվել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հաշվի առնելով հայ իշխանավորների՝ ԵՄ հետ «ամուսնանալու» ցանկությունը, կարելի է ուղիղ դիմել եվրոպացիներին։ ԵՄ-ն սիրում է դրախտ մտնելու թեկնածուներին օգնել գումարով և զենքով։ ԵՄ-ն ունի ուկրաինայի հրաշալի փորձը»։