Home / Համայնքներ / Ասորական տոն․ հիշում ենք անցյալը, խնդիրների մասին՝ հետո

Ասորական տոն․ հիշում ենք անցյալը, խնդիրների մասին՝ հետո

Հուլիսի 28-ին Հայաստանի ասորական համայնքը տոնում էր Շարա տոնը։ Ամեն տարի տարբեր բնակավայրերում ապրող ասորիներն այս օրը հավաքվում են Արտաշատ քաղաքից ոչ հեռու գտնվող Դիմիտրով գյուղում։ Սուրբ Կիրիկ և Իուլիտա եկեղեցու բակում մատաղ է արվում, գալիս են ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները։ Հանդիսավոր արարողության հիմնական դերակատարները տեղական պաշտոնյաներն են ու պատանեկան պարի խմբակները։ Ժամանակին Շարա տոնի առթիվ Դիմիտրով էին գալիս նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ այլ երկրներից, հիմա դա հազվադեպ բան է։ Տարիների ընթացքում նոսրանում է նաև տեղական համայնքը․ մարդիկ բողոքում են հիմնականում արտագաղթից։

Պատմական և քաղաքական հարցերից գյուղացիները խոսել չեն ուզում, խորհուրդ են տալիս դիմել ասորերենի ուսուցչուհուն կամ տեղի եկեղեցու հոգևոր հորը։ Մտավորականությունը տոնական օրերին քննարկում է Ասորեստանի անկման պատճառները և Բաբելոնի հետ պատերազմը։ Երեխաները բողոքում են, որ դպրոցում ասորերեն են անցնում միայն ռուսական հոսքի աշակերտները։

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար ասորական անվանումները։ Դիմիտրով է վերանվանվել 1949 թվականին՝ ի պատիվ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հիմնադիր Գեորգի Դիմիտրովի։ Գյուղացիները հպարտանում են հիմնականում իրենց եկեղեցիներով․ Դիմիտրովի հարավարևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածինը (1868), հյուսիսային եզրին՝ Սուրբ Օջախ մատուռը (19-20-րդ դդ.), գյուղի մեջ՝ Սուրբ Կիրիլ ասորական եկեղեցին (1840)։

ինքնավարություն

Որպես ազգային փոքրամասնությունների գյուղ՝ Դիմիտրովը խուսափել է համայնքների խոշորացումից։ 2016-ից հետո հայաստանյան բոլոր գյուղերը միացվել են մոտակա քաղաքներին կամ հարևան խոշոր գյուղերին և զրկվել սեփական ընտրովի մարմիններից ու առանձին բյուջեից։ Բացառություն է արվել միայն 7 գյուղերի համար։ Դրանք ազգային փոքրամասնությունների՝ ասորիների, եզդիների, մոլոկանների գյուղերն են։ Դրանք պահպանել են իրենց ինքնավարություն։

Ամենասկզբից էլ այս գյուղերը դեմ էին հայաբնակների հետ միավորվելու գաղափարին, և ազգային ինքնության պահպանությունը վեր էին դասում «մի հատ ավել տրակտոր» ունենալու հեռանկարից։ Չխոշորանալու արդյունքում դրանք հայտնվեցին տնտեսապես անհավասար պայմաններում, և իրոք զրկվեցին «մի հատ ավել տրակտոր» ունենալու հնարավորությունից։ Եթե խոշորների ռեսուրսները շատացել էին, փոքր համայնքների եկամուտները մնացել էին նույնը. մինիմալ ծախսերի համար նրանք ստանում են պետական դոտացիա։

2016-ին մշակված համայքների խոշորացման հայեցակարգը հիմնված է «մասշտաբի էֆֆեկտ» հասկացության վրա։ Մեծ համայնքում ծառայություններն ավելի արդյունավետ են մատուցվում․ ինչքան շատ է բնակչությունը, այնքան քիչ են կապիտալատար ծառայությունների ծախսերը։ Թափոնների կառավարումը, ջրամատակարարումը, ջրահեռացումը, օրինակ, ավելի էժան է նստում մեծ համայքներում։ Փոքր են համարվում մինչև 3500 բնակիչ ունեցողները. այստեղ ծառայությունների որակը ավելի թանկ է բարելավվում, և նկատելի առաջընթաց չկա։ Հույսերը, որ տարբերությունը կփոխհատուցվի սփյուռքի օգնության հաշվին, այդքան էլ չեն արդարացել։ Վերին Դվինում մանկապարտեզը վերանորոգվել է ասորական դիասպորայի ներդրումներով, Ֆիոլետովոյին օգնում է ռուսական Ռոսսոտրուդնիչեստվոն, բայց բարեգործությունը հոսքային չէ, համակարգային խնդիրներին այն համակարգային լուծում չի տալիս։

2023-ին «Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում» փոփոխություն կատարվեց՝ մեղմելու ստեղծված տնտեսական խտրականությունը։ Փոքր համայնքներին տրվեց տարեկան 50 միլիոն դրամի դոտացիա, ինչը ամենաքիչը երկու անգամ ավելի բարձր էր նախկինից։ Սրա հաշվին նրանք պետական սուբվենցիոն ծրագրերին դիմելու հնարավորություն ստացան, և հիմա կարողանում են պետական համաֆինանսավորմամբ վերանորոգել ենթակառուցվածքները։ Որքանո՞վ է սա բարելավել վիճակը։ Դիմիտրովում տրամադրությունները տոնական էին, անհարմար օր՝ տնտեսական խնդիրներից բողոքելու համար։

Ժամանակին փորձագետների շրջանում ընդունված մի պատկերացում կար, որ ազգային փոքրամասնությունների գյուղերը ուշ թե շուտ իրե՛նք կդիմեն խոշորացվելու համար, պետությունը նրանց չի ստիպում զուտ որպեսզի չմեղադրվի  ասիմիլիացիա կազմակերպելու մեջ։ Խոշորանալու շուրջ խոսակցություններ Դիմիտրովում հիմա էլ առանձնապես չկան։

ասորերենը՝ եկրորդական

Թեև Դիմիտրովը ասորական գյուղ է համարվում, բնակչության ընդամենը 14․6 տոկոսն է ասորի։ Ասորիներից շատերն արտագաղթել են։ Գյուղում հիմա 1380 մարդ է ապրում, ավելի քան 1100-ը, ըստ տեղական իշխանությունների, հայեր են։ Պարզ չէ՝ ինչպես է կազմվել այս վիճակագրությունը։ Դիմիտրովում և Վերին Դվինում բազմաթիվ խառը ընտանիքներ կան․ օրինակ, երբ մայրը ասորի է, իսկ հայրը՝ հայ, երեխաները հաշվառվում են որպես հայեր։

Դիմիտրովի միջնակարգ դպրոցում սովորում է 293 աշակերտ։ Դպրոցը երկու հատվածից է բաղկացած՝ հայկական և ռուսական։ Հայկականում 246 երեխա կա, ռուսականում՝ 47։ Դպրոցի տնօրենի խոսքով, թե՛ հայկական և թե՛ ռուսական հատվածներում երեխաների մեծամասնությունը հայեր են։ Տեղական օրենքների համաձայն, հայերը կարող են ռուսական հատված գնալ միայն եթե Ռուսաստանի քաղաքացի են կամ 5 տարի անընդմեջ ռուսերենով են կրթություն ստացել։ Այլ է հայաստանցի ասորիների պարագան․ նրանց համար այս պայմաններին համապատասխանելը պարտադիր չէ, ռուսական կրթությունը՝ զուտ ընտրության հարց։ Բայց ասորի աշակերտներից շատերը միևնույնն է նախապատվություն են տալիս հայկական կրթությանը, որովհետև, ըստ դպրոցի ադմինիստրացիայի, ունեն հայազգի հայր կամ հայազգի մայր, կամ ուղղակի ազդված են հայալեզու միջավայրից։

Առավել տարօրինակ է այն, որ ասորերեն լեզուն դասավանդվում է միայն ռուսական սեկտորում։ Հայկական հատվածի ասորի աշակերտները մայրենի լեզվից փաստացի կտրված են։ Դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում արդարանում է այսպես․ ամբողջ աշխարհում ասորիները հիմնականում ռուսերենով են շփվում և շատ քիչ են օգտագործում իրենց լեզուն, հետևաբար Դիմիտրովում որոշել են շեշտը ռուսերենի վրա դնել։ Ասորախոս աշակերտները դժգոհում են այս որոշումից, ասում են՝ ասորերենի ուսուցչուհին Սուրբ Կիրիլ եկեղեցում խմբակ է բացել, որ հայկական հոսքի երեխաներին մայրենի լեզու սովորեցնի։ Իրենք ասորերեն են խոսում ոչ թե դպրոցի, այլ ընտանիքների շնորհիվ, բայց գրավորը միևնույնն է կաղում է։

«Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագարդովա-Գասպարյանը ժամանակին պնդում էր, որ ռուսական կրթությունն օգնում է ազգային փոքրամասնությանը չձուլվել հայկական համայնքի հետ, և բողոքում, որ Դիմիտրիովի դպրոցում հատուկ գցում են ռուսական կրթության որակը, որպեսզի երեխաները հայկական հոսք տեղափոխվեն։ Դպրոցի տնօրենն այս մեղադրանքները հերքում է․ դպրոցը գումարներ է հատկացնում ռուսական հատվածը պահելու համար, նույնիսկ եթե դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա՝ նրանք առանձին են անցնում ծրագիրը, հայկական դասարանի հետ հիմնականում չեն միախառնվում։ Զուտ «մի փոքր խնդիր կա» ռուսալեզու դասագրքերի հետ․ դպրոցը դրանք ստանում է որպես նվեր ռուսական Ռոսսոտրուդնիչեստվոյից, հայաստանյան նախարարությունը ռուսական դասագրքեր չի բաշխում, Հայաստանում շրջանառվող առարկայական դասագրքերն էլ ռուսական դպրոցների համար չեն թարգմանում, արդյունքնում ձևավորվում է մի այնպիսի իրավիճակ, երբ երեխաները տարբեր առարկաներ անցնում են ՌԴ դպրոցների համար մշակված դասագրքերով, որոնք չեն համապատասխանում ՀՀ հանրակրթական հաստատությունների համար մշակված չափորոշիչներին և ստանդարներին, և ունեն բոլորովին այլ բովանդակություն։