Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները վաղվանից կվերադառնան աշխատանքի․ օգոստոսի 6-ին մեկնարկած գործադուլը այսօրվա բանակցություններից հետո ավարտվել է։ Բողոքի դուրս եկած մարդիկ համարում են, որ աշխատանքային կոնֆլիկտը հանգուցալուծվել է մեդիա աղմուկի շնորհիվ։ Տնօրենությունը, որն առաջ բռնությամբ էր ստիպում նրանց վերադարձնել աշխատանքի, հիմա խոստացել է ուղղվել, աշխատողների վրա էլ ատրճանակ չպահել և ամենակարևորը՝ տալ 3 ամսվա չվճարված աշխատավարձը։
Այսօրվա բանակցություններին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչը․ մինչ այս դեսպանատունը հնդիկ աշխատողների խնդրանքներին չէր արձագանքում։ Ֆաբրիկա էին ժամանել նաև Աշխատանքի տեսչական մարմնի, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները։ Տարածքում ոստիկաններ էլ կային։
Գործադուլի մասնակիցները Epress.am-ին պատմել են, որ տնօրենը բանակցությունների ժամանակ խոսք է տվել երկու օրվա ընթացքում վճարել 3 ամսվա աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։
Կարի ֆաբրիկան գտնվում է նախկին հանրախանութի տարածքում։ Բանվորները այստեղ ոչ միայն աշխատում են, այլ նաև ապրում և սնվում։ Նրանց շուրջօրյա հետևում են 41 տեսախցիկների և բազմաթիվ հսկիչների միջոցով։ Մուտքն ու ելքը սահմանափակված է, հնդիկ աշխատողներին արգելվում է անձնական հարաբերություններ ունենալ, գարեջուր խմել, գնալ Իջևանի կենտրոնական սրճարաններ և այլն։
Աշխատանքային պայմաններն էլ են «խիստ»․ 10 ժամ կարի մեքենայի դիմաց, մեկ ժամ ընդմիջում և երկու կոֆե-բրեյք առավելագույնը 15 րոպեով։ Բանվորների խոսքով՝ եթե գրաֆիկից շեղվում էիր կամ դանդաղ աշխատում, տնօրենությունը դիմում էր բռնությունների և սպառնալիքների։ Դեպքեր են եղել, երբ բանվորների վրա զենք են պահել։ «5 հատ զենք ունեին, հենց դանդաղ էիր աշխատում՝ հանում, ցույց էին տալիս, ասում էին՝ շուտ-շուտ կարի», – Epress.am-ին պատմել են գործադուլի մասնակիցներից մի քանիսը։ «Շուտ-շուտ կարի» արտահայտությունը միակն է, որ բոլորը գիտեն և ասում են հայերենով։
Այսօրվա բանակցությունների ժամանակ տնօրենությունը խոստացել է, որ աշխատողներին էլ զենքով չի սպառնա և չի դիմի ֆիզիկական բռնության։ Նախկինում պահանջում էին, որ բանվորներից յուրաքանչյուրն օրական առնվազն 5 համազգեստ կարի։ Հիմա խոստացել են, որ կբավարարվեն 3-4-ով։ Դա արդեն իսկ մեծ ծանրաբեռնվածություն է։
Տնօրենը խոստացել է նաև, որ կբարձրացնի աշխատավարձը 50 դոլարով։ Պաշտոնապես հայտարարվում է, որ աշխատողները ամսական 400 դոլար են ստանում։ Պայմանագրի համաձայն, նրանց բուժսպասարկման ծախսերը պետք է հոգա ընկերությունը։ Նախկինում դա չի արվել։ Ֆաբրիկայի տնօրենը ասել է, որ հիմա կսկսեն անել։
Բանվորները սա հաջողություն են համարում, չնայած կասկածներ ունեն, որ վարչակազմը հետ է կանգնելու խոստումներից։ Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչը նրանց առաջարկել է խնդիրների դեպքում զանգել հենց իրեն։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «Գրանդ տեքստիլում» աշխատող միգրանտները ահազանգում են գերշահագործման և բռնությունների մասին։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի տվյալներով, դեռ 2020 թվին ֆաբրիկայից մի խումբ հնդիկներ էին փախել․ նրանք դիմել էին ոստիկանություն, դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել թրաֆիքինգի հատկանիշներով։ Բողոքողները աշխատանքի էին անցել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում, աշխատավարձ ստանալուց հետո՝ լքել Հայաստանը և վերադարձել Հնդկաստան։ Իջևանում մնացած նրանց գործընկերների համար էլ Հնդկաստան վերադարձի տոմսեր էր գնել տնօրենությունը։ Դրա շնորհիվ քրեական գործը կարճվել էր՝ բողոքների ֆիզիկական բացակայության հիմքով։
Ահազանգներին այն ժամանակ որևէ ընթացք չէր տրվել։