Home / Հայաստան / Ախթալայի կոմբինատը հասցրել է քցել նաեւ վարդենիսցիներին

Ախթալայի կոմբինատը հասցրել է քցել նաեւ վարդենիսցիներին

Ախթալայի կոմբինատը խաբել է նաև վարդենիսցի հանքափորներին, որոնց բերել էին՝ փոխարինելու տարեսկզբին գործադուլ հայտարարած 52 բանվորներին։ Հանքում վարդենիսցիները մոտ մեկ ամիս են աշխատել։

«Կան մարդիկ, որ 40 հազար են ստացել, կան, որ 30 կամ 100, ինչը չի համապատասխանում պայմանավորվածությանը և կողմերի միջև կնքված պայմանագրին», — Epress.am-ին պատմել է Մետալուրգների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը։

Ըստ նրա՝ նոր բանվորների հետ կոմբինատի ղեկավարությունը առանձին պայմանագրեր է կնքել, բայց պայմանագրի օրինակը աշխատողներին չեն տվել, պահել են իրենց մոտ։

«Եթե չասեմ խաբեություն է՝ առնվազն խախտում է սա։ Բայց որ այդ մարդիկ գնացել են աշխատանքի՝ միանշանակ է․ դրա մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեսել են», — ասել է Փահլևանյանը։

Վարդենիսցիները հիմա հայտնվել են նույն վիճակում, ինչ գործադուլի մասնակիցները, որոնց եկել էին «փոխարինելու»։ Նրանք պատմում են կոմբինատի ղեկավարության անբարեխիղճ աշխատանքի մասին, որ շահագործել են իրենց և գցել, փողը չեն տվել, հետ են կանգնել պայմանավորվածություններից։ Նրանք դիմել են պրոֆիլային արհմիություն։ Եթե չստանան հասանելիք գումարը՝ դիմելու են նաև դատարան։

Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է։ Կոմբինատը 2025 թվականին 10 միլիոն դրամ է նվիրաբերել Նիկոլ Փաշինյանի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։ 10 միլիոն էլ, ըստ 2023-2024թթ․ հաշվետվության, մինչ այդ էին տվել։ 

Հունվարի 15-ին Ախթալայի կոմբինատի հորատանցողները գործադուլ էին հայտարարել։ Պահանջում էին աշխատավարձի աստիճանական բարձրացում, արտապայմանագրային շահագործման բացառում և անվտանգության մինիմալ պայմաններ։ 

Գործադուլը տևեց 45 օր։

Հանքի ղեկավարությունն ի սկզբանե հրաժարվում էր  բանակցություններից․ գործադուլից մի քանի օր հետո նրանք հայտարարություն էին տարածել, թե նոր աշխատողների են փնտրում։ Հետագայում պարզվել էր, որ գործադուլի մասնակիցներին փոխարինելու համար Ախթալա են բերել հնդիկների, որոնք կարճ ժամանակ անց հրաժարվել են աշխատանքից և լքել քաղաքը։ Հնդիկներին փոխարինելու են եկել վարդենիսցի հանքափորները՝ մոտ 15 հոգի։ Նրանց շնորհիվ արտադրությունը մասամբ վերականգնվել է։

տե՛ս Ախթալայի հանքի տերերը թքած ունեն գործադուլի վրա

Գործադուլի մասնակիցներին այդ ընթացքում աշխատանքից չեն ազատել, որ չհայտնվեն դատարանում։ Հանքում ֆիքսված աշխատավարձ միևնույնն է չկա․ հորատանցողները վարձատրվում են ըստ արդյունահանած հանքանյութի ծավալների։ Ախթալայի փակ հանքում անվտանգության միջոցներ ապահովված չեն․ մարդիկ աշխատում են գետնի տակ՝ առանց նորմալ լուսավորության, առանց օդափոխության, պարբերաբար վթարներ են լինում։ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս ընդհատել աշխատանքը, եթե այն վտանգում է կյանքն ու առողջությունը։ Գործադուլավորները պաշտպանվում էին օրենսդրական այս կարգավորմամբ։ 

տե՛ս Ախթալայի հանքափորներին փոխարինել չեն կարող. գործադուլը շարունակվում է

Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմինը երկար ձգձգելուց հետո փետրվարին ստուգումներ էր սկսել հանքում։ Գործադուլն արդեն ավարտվել է, իսկ եզրակացությունը մինչև հիմա հանրայնացված չէ։ Եթե տեսչականի զեկույցը չարդարացնի աշխատողների սպասելիքները և հիմնական խախտումները չվերացվեն՝ հանքափորները դատական հայց են ներկայացնելու նաև փոխհատուցման պահանջով։

տե՛ս Տեսչությունը արթնացավ, մարզպետարանը դավաճանեց․ գործադուլը Ախթալայում շարունակվում է

Լոռու մարզպետի աշխատակազմը երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել գործադուլի մասնակիցներին։ Բամբասանքներ էին տարածում, թե գործադուլը «ուղղորդվում է որոշ ուժերի կողմից»։ 

Մարզպետ Արեն Մկրտչյանի վարքագիծը կտրուկ փոխվեց, երբ գործադուլավորները հայտարարեցին, որ պատրաստվում են բողոքի ցույցը տեղափոխել Երևան՝ Կառավարության մոտ։ Հաշված ժամեր անց Մկրտչյանը հանքափորներին կանչեց դռնփակ հանդիպման։

տե՛ս Մարզպետը կասեցրեց հանքափորների ցույցը Երևանի կենտրոնում

Պաշտոնական վարկածի համաձայն՝ մարզպետի շնորհիվ կողմերին հաջողվել է համաձայնության գալ, փետրվարի 21-ին 45 օր տևած գործադուլը դադարեցվել է, և հանքափորները վերադարձել են աշխատանքի։ Ըստ պայմանավորվածության՝ «անհատական պլանի» կատարման դեպքում նրանք կստանան 20% հավելավճար։ 15 օրվա մեջ նոր աշխատանքային պայմանագրեր կկնքվեն։

Մարտի 3-ին Մկրտչյանը հայտարարել է, թե հիմնարկի տնօրենը «հանձնառություն է ստանձնել բավարարել աշխատանքային պայմանների բարելավման 4 հիմնական պահանջները»։ Մի բան էլ ավել՝ ըստ մարզպետի, կոմբինատի ղեկավարությունը սեփական նախաձեռնությամբ որոշել է 70 միլիոն դրամ արժողությամբ օդափոխության համակարգ տեղադրել։

Բայց մարզպետի հետ առաջին հանդիպումից արդեն ոչ թե 15, այլ 25 օր է անցել, իսկ խոստացված աշխատանքային պայմանագրերն այդպես էլ չկան։

«Դեռ միայն մարզպետի ու ղեկավարության բանավոր խոստումն է», — Epress.am-ին ասել է հորատանցողներից մեկը։

Մկրտչյանի գովազդային գրառումները, իբրև թե իր միջնորդության շնորհիվ տնօրինությունը «հանձնառություն է ստանձնել բավարարել 4 հիմնական պահանջները», ոչինչ չեն նշանակում։

Ճյուղային արհմիության ղեկավարը նրա խոստումներին թերահավատորեն է վերաբերվում․ «Ոչ մի բան էլ դեռ չի արվել։ Ոչ մի անհատական պլան էլ չկա»։

տեսանյութը՝ հունվարի 28-ի

Հանքում վարձատրությունը գործարքային է։ Մի խորանարդ մետր (մոտավորապես 3 տոննա) հանքաքարի դիմաց բանվորները 1700 դրամ էին ստանում, պահանջում էին նվազագույնը 2200 դրամ։ Տրամաբանությունը շատ պարզ էր։ Աշխատանքային պայմանագրում ֆիքսված է, որ եթե պղնձի գինը իջնի՝ ավտոմատ իջնելու է նաև հորատանցողների աշխատավարձը, բայց հակառակը չկա։ Պայմանագիր կնքելուց հետո պղնձի գինը կրկնապատկվել է՝ հասնելով համարյա 13 հազար դոլարի։ Բայց դա չի անդրադարձել բանվորների վարձատրության վրա։

Գործատուն, ըստ մարզպետի, բանավոր խոստացել է, որ «անհատական պլանի կատարման դեպքում» կտա 20 տոկոս հավելավճար։ Նույնիսկ բանվորները հստակ չեն հասկանում, թե ինչ է ենթադրում տնօրենի խոստումը։ Այն կարելի է երկու ձևով հասկանալ՝ 1) եթե աշխատողը կատարում է պլանը, արդյունահանած ամեն խորանարդ մետրի համար ստանում է 20 տոկոս ավել գումար, կամ 2) աշխատողը 20 տոկոս հավելավճար է ստանում անհատական պլանի կատարումից հետո արդյունահանած հավելյալ խորանարդ մետրերի համար։

տեսանյութը՝ հունվարի 22-ի

Հորատումներից բացի՝ հանքափորները առաջ անում էին նաև փականագործի աշխատանքը, օգնում էին պայթեցնողներին։ Հավելյալ աշխատանքների համար նրանք առհասարակ չէին վարձատրվում։ Հանքում մասնագետների պակաս կա, անձնակազմն ընդլայնելու փոխարեն տնօրինությունը ձրի աշխատացնում է բանվորներին։ Նրանք պահանջում էին կա՛մ վճարել հավելյալ աշխատանքի համար, կա՛մ հանել իրենց վրայից այդ պարտավորությունը։

Որքանով է այս պահանջը բավարարվել՝ պարզ չէ։ Գործատուն բանավոր խոստացել է, որ «լավ կլինի»։

Անորոշ է նաև աշխատանքային պայմանների բարելավման խոստումը։ Ճյուղային արհմիության ղեկավարի խոսքով՝ չի արվել որևէ գործնական քայլ, որ թույլ կտար հավատալ, թե կոմբինատի ղեկավարությունն իրոք անվտանգային միջոցներ է ներդնելու։

«Որ իրենք ասում են՝ հիմա դնելու ենք, դա սուտ է։ Իրենք ինչ-որ գործողություն պետք է ցույց տան, ասենք՝ որևէ կազմակերպության հետ պայմանագիր կնքեն, գոնե ուսումնասիրություն սկսեն, որ մի քիչ արժանահավատ լինի, որ հավատանք, որ 6 ամսում իրոք նման բան է ներդրվելու», — ասել է Փահլևանյանը։