Մոլիբդենի խտանյութ արտադրող «Մաքուր երկաթի գործարանն» ուներ Հայաստանի ամենամեծ արհմիություններից մեկը՝ 400 աշխատողներից 280-ը արհմիության անդամ էին։ 2022 թվականից գործարանի ղեկավարությունը որոշել է, որ արհեստակցական միության գոյությունն այլևս «հարմարավետ չի համարում» և սկսել է կազմաքանդել այն։ Նախ գործից հանել են աhրմիության ղեկավար Հասմիկ Ալեքյանին, ինչը օրենքով արգելված է, և դա ապացուցվել է դատարանում։ Հետո սկսել են աշխատանքից ազատել արհմիության ղեկավար կազմի այլ անդամներին։
«Աշխատողներներին սպառնալով ստիպում էին, որ դիմում գրեն և դուրս գան արհեստակցական միությունից։ Մոտ 70 տոկոսը արհմիության անդամ էր, հիմա հասցրել են նրան, որ անդամների թիվը կրճատվել է մինչև 100, և նրանց շարունակական ճնշումների են ենթարկում, որ ստիպեն դուրս գալ միությունից», — Epress.am-ին ասել է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը։
Աշխատողները ինքնակազմակերպվելու և միավորվելու իրավունք ունեն, որը երաշխավորված է ինչպես ներպետական օրենքով, այնպես էլ միջազգային պարտավորություններով. 2009 թվականին Հայաստանը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 87-րդ կոնվենցիան՝ «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին», որն ընդունվել է 1948 թվին։
Բայց Մաքուր երկաթի գործարանի ղեկավարությունը մի քանի տարի առաջ որոշել է, որ բանվորների հետ բանակցելու ցանկություն այլևս չունի, և նրանց ներկայացնող կազմակերպությունը պետք է ուղղակի լուծարել։
Փահլևանյանն ասում է՝ տնօրինությունն ուղիղ հայտարարել է, թե չի ուզում, որ գործարանում արհեստակցական միություն լինի․
«Իսկապես չեն էլ հասկանում, որ արհմիության աշխատանքն իրենց քմահաճույքից չի կախված, որ իրենք էլ թողնեն կամ չթողնեն»։
Մինչև 2023 թվականը արհեստակցական միությունը ահագին հարց է կարողացել լուծել գործատուի հետ բանակցությունների միջոցով․ աշխատողների համար ճաշարան է բացվել, բժշկական ապահովագրություն է ներդրվել, գործարանի ներսում բուժկետ է հիմնվել և այլն։ Բայց շատ հարցեր՝ հիմնականում կապված աշխատանքային պայմանների հետ, մնացել են առկախված․ Ֆերոմոլիբդենի արտադրության պրոցեսում փոշին շատ վտանգավոր է առողջության համար, իսկ աշխատանքային պայմանների մասին միայն արմիությունը կարող է ահազանգել։ Տեսչական մարմինը ոչինչ չի անում, և արդեն վաղուց չունի ռեալ ազդեցության կարողություններ։
2021-ից գործարանի ղեկավարությունը սկսել է արգելել արհմիութենականներին ուսումնասիրել արտադրամասերի պատահարները, հետզհետէ հրաժարվել է նաև բանակցություններից։ Հետո աշխատանքից ազատել էն արհմիության ղեկավարին, որը գործարանում հաշվապահ էր։
Քանի որ նրան գործից հանելու իրավունք չունեին, ազատման որոշումը հետագայում վերաձևակերպել են որպես հաստիքի կրճատում։ Արհմիությունը դատարան է դիմել և շահել․ տնօրինությունը պարտավորվել է արհմիության հեռացված նախագահին փոխհատուցել մի ամբողջ տարվա աշխատավարձը։ Դատարանի որոշումից ջղայնացած՝ 2023-ին գործարանի ղեկավարությունն ուղղակի արգելել է նրա մուտքն ու ելքը հիմնարկի տարածք։ Տարբեր պատրվակներով աշխատանքից ազատել են արհմիության ղեկավար կազմի բոլոր անդամներին։
Արհեստակցական միությունը նորից դատարան է դիմել և հաղթել թե՛ առաջին և թե երկրորդ ատյանում։ 2025-ի հունիսին դատարանը պարտավորեցրել է չխոչընդոտել Ալեքյանինի մուտքը գործարան։ Հիմնարկի անվտանգության աշխատողները, սակայն, մինչև հիմա չեն թողնում, որ արհմիության ղեկավարը մտնի ներս։
«Վերջին անգամ ես նոր գլխավոր տնօրենին՝ Երզնկյանին, խնդրեցի, որ մեզ հստակ ժամկետ ասեն։ Տնօրենը ասեց, որ էս պահին իրենք չեն համարում, որ արհմիությունը պետք է աշխատի։ Հարցնում եմ՝ դատարանի որոշման հետ ծանո՞թ է, ասում է՝ շատ թռուցիկ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ դատարանի ուժի մեջ մտած որոշումը չեն ուզում կատարել։ Մենք էլ ո՞ւմ դիմենք, եթե դատարանի որոշումը չեն անում», — ասում է Փահշեվանյանը։
Եթե հարկադիրն ու դատախազությունը ոչինչ չձեռնարկեն՝ ճյուղային արհեստակցական միությունը փորձելու է հարցը լուծել միջազգային մակարդակում։
Գործարանի սեփականատերը գերմանական Քրոնիմեդ ընկերությունն է։ Հայաստանցի մետալուրգների արհմիությունը դիմելու է Գերմանիայի մետալուրգների արհմիությանը․
«Գերմանական ԻԳԱ մետալն ունի բավականաչափ ռեսուրս, որ կարողանա բացատրել իրենց սեփականատերերին, թե ինչ քաղաքականություն են վարում նրանց վարձու աշխատողներն այստեղ։ Ի տարբերություն Հայաստանի՝ Գերմանիայում կա սոցիալական գործընկերության էֆեկտիվ հարթակ, և գործատուները նախընտրում են բանակցել, ոչ թե ռիսկի դիմել»։
Ճյուղային արհմիությունը նախատեսում է նաև քրեական վարույթ նախաձեռնել, իսկ հունիսին՝ հարցը բարձրացնել Աշխատանքի միջազգային կազմակերությունում, որտեղ պատվիրակներ են լինելու նաև Գործատուների միությունից և կառավարությունից։
«Աշխատողներին վերաբերվում են մոտավորապես ոնց որ այն հումքին, որն առնում են ԶՊՄԿ-ից, որ վերամշակեն։ Այսինքն՝ որպես ապրանք։ Դուրներդ չի գալիս՝ կփոխենք ձեզ, ուրիշին կբերենք։ Դա հակազդեցություն է առաջացնում։ Երբ մարդը գալիս է աշխատանքի, որի համար քիչ փող է ստանում, որտեղ իրեն նվաստացված է զգում, նա լավ աշխատելու խնդիր չունի։ Ոնց որ անընդհատ իտալական գործադուլ լինի։
Ինչ-որ մի շրջան գործարանում գլխավոր տնօրեն էր աշխատում Կարեն Հակոբյանը, մենք իր հետ լավ հարաբերություններ ունեինք, բայց հետո, չգիտեմ ինչու, կտրուկ փոխվեց արհմիության մասին իրենց պատկերացումը։ Որորշեցին, որ իրենք արհմիության հետ բանակցելու չունեն», — ասել է Փահլևանյանը։
Սա միայն Մաքուր երկաթի գործարանի խնդիրը չէ, այլ ընդհանուր առմամբ՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների հարց։ Արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ են աշխատանքի անվտանգ պայմաններ (որոնք չկան), գործադուլի սահմանադրական իրավունք (հայկական օրենսդրությունն այնպես է ձևակերպված, որ օրինական գործադուլ անելը փաստացի անհնար է) և միավորման ազատություն (արհմիությունների նկատմամբ հետապնդումներն էլ եզակի երևույթ չեն)։
«Սրա հետևանքներից է, օրինակ, Ախթալայի դեպքը։ Մարզպետը կանչել է Ախթալայի կոմբինատի տնօրինությանը, խնդրել է, որ մի բան իրենք զիջեն, մի բան գործադուլի մասնակիցները զիջեն, աշխատանքային կոնֆլիկտը համարվի լուծված։ Որպես զիջում տնօրինությունը ասել է, թե աշխատանքային պայմաններ կապահովի։ Բայց աշխատանքային պայմաններ ապահովելը զիջում չէ՝ դա իրենց պարտականությունն է։ Իրենք բռնում, դա են դնում բանակցության սեղանին։ Դուք հասկանո՞ւմ եք անհեթեթությունը։ Աշխատանքային անվտանգության մինինալ պայմանները դարձրել են բանակցելու հարց», – նշել է ճյուղային արհմիության ղեկավարը։
Epress.am Լուրեր Հայաստանից