ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի պաշտոնավարումը վերջինիս դիմումի համաձայն: Նախարարի մեկ այլ հրամանով նույն բուհի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին` մինչև որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկայանան ռեկտորի ընտրությունները:
Նշենք, որ Սերգեյ Սարաջյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2013 թվականին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը հետաքրքրվել է Սերգեյ Սարաջյանից, թե ո՞րն էր աշխատանքից ազատվելու մասին դիմում գրելու պատճառը: Վերջինս պատասխանել է, թե ցանկանում է արվեստով զբաղվել և դասավանդել, որն իրեն ավելի հոգեհարազատ է: Բացի այդ, նախկին ռեկտորի խոսքով, ինքը առողջական խնդիրներ ունի:
Օրաթերթը նշում է, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Կոնսերվատորիայի ռեկտոր է ցանկանում դառնալ վերը նշված պրոռեկտոր Շահեն Շահինյանը, ով, ի դեպ, Երևանի «Գումի» շուկայում մսի պասաժ ունի:
«Փորձը ցույց է տալիս, որ այն բուհերում, որտեղ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել, վերջիններս էլ ավելի ուշ ընտրվել են, ընդ որում` միակ թեկնածու լինելով: Այսինքն, կարելի է ասել, որ Շահինյանն արդեն իսկ Կոնսերվատորիայի ռեկտոր է», – եզրակացնում է «Հայկական ժամանակը»: