Ուսումնական այս տարվանից սկսած առաջին անգամ Հայաստանում Կրթության և գիտության նախարարության լիցենզավորմամբ կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար:
«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծեր և ռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում ևս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան և այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,- ասել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը:
Դասընթացը մշակվել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի և Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջև ձևավորված երկամյա համագործակցության արդյունքում: 2007 թվականին Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձևավորել համագործակցություն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև և նպաստել փորձի փոխանակմանը: Հենց այս ծրագրի արդյունքում էր, որ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի և Բրեդֆորդի քոլեջի միջև հաստատվեց համագործակցության ծրագիր և մշակվեց դասընթացը:
«Մեխատրոնիկա մասնագիտության դասընթացը մշակել են հայ և անգլիացի մասնագետները` կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետևել են հայ ներկայացուցիչների և ուսանողների այցը Բրեդֆորդ` տեղում ծանոթանալու այդ երկրի փորձին», – նշել է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: