Առաջին անգամ «News of the World» բրիտանական ամենավաճառվող շաբաթաթերթի ապօրինի գործունեության մասին տեղեկություններ տարածած պարբերականի նախկին լրագրող Շոն Հորին մահացած են գտել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով Բրիտանիայի իրավապահ մարմիններին:
Հորի մարմինը հայտնաբերվել է Ուոթֆորդում գտնվող իր տանը երկուշաբթի առավոտյան: Իրավապահները հետաքննություն են իրականացնում: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, Հորին աշխատանքից ազատել էին ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:
Ավելի վաղ Հորն առաջին անգամ ԶԼՄ-ներին հայտնել էր, որ բրիտանական պարբերականում լայնորեն կիրառվում են հեռախոսազրույցների գաղտնալսումները: Նա նաև ընդգծել էր, որ News of the World-ի խմբագիր Էնդի Քոուլսոնը խրախուսում էր այդ ապօրինի գործողությունները: Նշենք, որ 2011 թվականի հուլիսի 8-ին Քոուլսոնը ձերբակալվել է:
Հուլիսին ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հայտնի բրիտանական շաբաթաթերթը գաղտնալսում էր հայտնի մարդկանց և սկանդալային հանցագործությունների զոհերի հեռախոսազրույցները` գաղտնի տեղեկություններ ստանալու համար: Միաժամանակ լրագրողներին օգնություն էին ցուցաբերում բրիտանական ոստիկանության որոշ աշխատակիցներ: Սկանդալի պատճառով պարբերականի գործունեությունը դադարեցվեց 2011 թվականի հուլիսի 11-ին: Նշենք, որ News of the Word-ը հրատարակվում էր 1843 թվականից: