Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների Երևան ներկրման հնարավորությունները:
Ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ այժմ մշակվում է տրանսպորտային նոր հայեցակարգ, համաձայն որի ոլորտում առաջնությունը տրվելու է միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներին: Այս առումով Կարեն Կարապետյանը հատկանշել է, որ նաև չինական արտադրության ավտոբուսների ներկրման պայմանավորվածություն է ձեռք բերվել և Երևանի քաղաքապետարանը ուկրաինական ընկերության հետ ևս պատրաստ է փոխշահավետ գործըներություն քննարկել:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը, վկայակոչելով նախորդ տարիների աշխատանքային համագործակցությունը հայաստանյան շուկայի հետ, նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն, և իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները և քննարկել պայմանները:
Կողմերը նախնական պայմանավորվել են ավտոբուսների ձեռք բերումն իրականացնել ֆինանսական ինստիտուտների միջոցով ` երկարաժամկետ ու ճկուն մարման գրաֆիկով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: