ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի քաղաքապետարանին է նվիրել քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ` հատուկ քաղաքային այգիների և շենքերի հարակից տարածքերի սիզամարգերի հարթեցման համար խոտհնձիչներ, քաղաքային աղբամաններ, փողոցային լուսավորության անհրաժեշտ պարագաներ:
Ստեփանակերտի առայժմ միակ գործող Մուրացանի անվան գրադարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է շուրջ 1000 կտոր գեղարվեստական գրականությամբ: Դպրոցներին և մանկապարտեզներին էլ մարզական գույք է տրվել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկայում Ստեփանակերտի երկու մուտքերի մոտ և կենտրոնական հրապարակում կտեղադրվեն մեծ ժամացույցներ:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաքն այսուհետև կունենա նաև Արտակարգ իրավիճակների կառավարման նոր համակարգ: Այդպիսով, ավտովթար, հրդեհ կամ յուրաքանչյուր այլ արտակարգ պատահարի դեպքում քաղաքացիների ահազանգերին արձագանքելն այսուհետ կլինելի շատ ավելի հեշտ և համակարգված: Այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքում Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետի կողմից անհրաժեշտ սարքավորումներով կահավորվել է մեկ սենյակ և բացատրվել է ծրագրի կիրակման և կառավարման բոլոր մանրամասները: Ծրագիրը հնարավորություն է տալու նաև հաշվետվություններ ստանալ` շաբաթների, ամիսների և տարվա կտրվածքով: Նախատեսվում է, որ համակարգչային այս ծրագիրը կներդրվի նաև ԼՂՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: