Home / Հայաստան / Հայաստանյան ֆիլմը մրցանակ է ստացել անկախ ֆիլմերի փառատոնում

Հայաստանյան ֆիլմը մրցանակ է ստացել անկախ ֆիլմերի փառատոնում

Հայաստանը մասնակցել է օգոստոսի 19-ից 28-ը Լյուքսեմբուրգում անցկացված  «UNICA 73» անկախ ֆիլմերի կինոփատոնին և դարձել արծաթե մեդալակիր`«Դաժան սիրավեպ» անիմացոն ֆիլմով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն»-ի (CANC)  նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Նշենք, որ կինոփառատոնը անցկացվում է 1937 թվականից: Այս տարի կինոփառատոնին մասնակցել են 36 երկրների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը առաջին անգամ է ներկայացված եղել:

«Յոթ ֆիլմ էինք տարել, որից «Դաժան սիրավեպը» դարձավ մեդալակիր, իսկ մյուսները արժանացան պատվավոր դիպլոմների: Մայիսի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում  առաջին համահայկական կինոփառատոնի ժամանակ այս յոթն ընտրվեցին որպես  լավագույն ֆիլմեր, որոնք էլ մասնակցեցին փառատոնին: Դրանք 10-12 րոպեանոց, խաղարկային, դոկումենտալ և անիմացիոն ֆիլմեր էին»,- նշել է Արտաշես Հովհաննիսյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ իրենց կենտրոնը աշխարհի տարբեր ծայրերում ստեղծում է մասնաճյուղեր, որտեղից իրենց ֆիլմեր են ուղարկում, և հետագայում դրանք կարող են մասնակցել կինոփառատոններին: Արտաշես Հովհաննիսյանի խոսքով` դա հնարավորություն կտա, որպեսզի փառատոններին մասնակցեն ոչ միայն Հայաստանում բնակվող հայերը, այլև սփյուռքահայերը նույնպես:

«Մեր նպատակն է զարգացնել ոչ կոմերցիոն հեղինակային ֆիլմերը և մարդկանց ասել, որ երբեք ուշ չէ ֆիլմ նկարելու համար»,- հավելել է Արտաշես Հովհաննիսյանը: