Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրսիյես hամալսարանում այս ակադեմիական տարում ավելացել է եբրայերենի և հայերենի բաժիններում ուսանել ցանկացող դիմորդների թիվը, չնայած սկզբում մտավախություն կար, որ Հայաստանի և Իսրայելի հետ սրված հարաբերություններրի պայմաններում հետաքրքրության պակաս կարող է նկատվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Համալսարանի եբրայերենի և հայերենի բաժինները բացվել են նախորդ տարի: Համալսարանի ռեկտորի տեղեկալ, պրոֆեսոր Մեթին Հյուլայուն հայտնել է գործակալությանը, որ երկու բաժինների նկատմամբ հետաքրքրությունն այս տարի շատ ավելի մեծ է, քան առաջին տարում: Նախորդ տարի 12 դիմորդներ էին դիմել եբրայերեն լեզվի և գրականության բաժին, որ միակն է Թուրքիայում, մինչդեռ այս տարի նրանց թիվը 28-ն է եղել, որոնցից 20-ն ընդունվել են: Հայոց լեզվի և գրականության բաժնում նույնպես ուսանողների աճ է գրանցվել, նախորդ տարվա 6-ի փոխարեն, այս տարի հայերերն ուսանել ցանկացողների թիվը 15-ն է եղել, որոնցից 12-ը դարձել են համալսարանի ուսանող:
Պրոֆեսորը նկատել է, որ ներկայիս երիտասարդությունն իրատեսորեն է գնահատում համաշխարհային իրադարձությունները:
«Ոմանք կարծում էին, որ ուսանողները հետաքրրքրված չեն լինի եբրայերենով` հաշվի առնելով վերջերս Թուրքիայի և Իսրայելի միջև ծագած քաղաքական և ռազմական խնդիրները, կամ հայերենով, հայ-թուրքական բարդ հարաբերությունների պատճառով: Բայց մենք տեսանք, որ իրավիճակն այլ է: Մեր երիտասարդությունն այս խնդիրները միայն այսօրվա քաղաքականությամբ չի գնահատում»,-նշել է պրոֆեսորը:
Նա նաև ընդգծել է, որ եբրայերենի և հայերենի բաժինների ուսանողները գործազուրկ չեն մնա: «Այս բաժինների շրջանավարտները կարող են հեշտությամբ աշխատանք գտնել ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ոլորտներում: Նրանք կարող են աշխատել խոշոր ընկերությունների ներմուծման և արտահաման բաժիններում, որովհետև քչերն են խոսում այս լեզուներով, հատկապես` եբրայերենով», -ասել է Հյուլայուն: