Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն իր երկրի համար որևէ աղետալի բան չի տեսնում նրանում, որ ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է 2012 թվականին կրկին զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է տեղական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
«Պուտինին ես գիտեմ գրեթե մանկուց: Նա չի ատում վրացիներին»,- ասել է Շևարդնաձեն: Նրա խոսքով` «անհիմն է խոսել այն մասին, որ Պուտինի վերադարձը Վրաստանի համար աղետալի կլինի»:
Շևարդնաձեն նաև կարծում է, որ ցանկության դեպքում Վրաստանի ղեկավարությունը կկարողանա ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ, այդ թվում` Պուտինի նախագահության պայմաններում: «Ռուսաստանը մեր մեծ հարևանն է: Ռուսաստանի ինչի՞ն է պետք Վրաստանի զավթումը, այն առանց այդ էլ իր արմատները տարածել է վրացական տնտեսության մեջ: Ռազմավարական օբյեկտների մեծ մասը, այն, ինչ մենք գիտենք, և այն, ինչ մենք չգիտենք, արդեն նրանց ձեռքերում են: Այն ճանաչել է Աբխազիայի և Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) անկախությունը, քանի որ այն Վրաստանը զավթելու նպատակներ չունի»,-Շևարդնաձեի խոսքերն է փոխանցում «Գրուզիա Օնլայն»-ը: