Երևանի Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ շարունակում են բողոքել իրենց տների հարևանությամբ իրականացվող շենքի կառուցապատումից: Բնակիչների հաղորդմամբ` չնայած իրենք դիմել են քաղաքապետարան, Բաղրամյան փողոցի 21ա հասցեում շինարարությունն այսօր շարունակվում է:
Բնակիչները դեռ երեկ բաց նամակով դիմել էին քաղաքապետարան` պահանջելով կասեցնել շինարարությունը: Հարցն այն է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ տրամադրվել էր «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ընկերությանը: Այնուհետև, 2004 թվականին նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք էր բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):
Բնակիչների կողմից գրված բաց նամակում ասվում է, որ կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչնեիր համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը: Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվել է կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվել է մեկ տարի առաջ: