ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Այս մասին հաղարդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը, ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն:
Գեներալների անունները հաղորդագրության մեջ նշված չեն:
«Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն: Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի», – պարզաբանել է Կարապետյանը: