Բոլոր նրանց, ում բռնության են ենթարկել Հայաստանի անպատիժ ոստիկանները
Իրավապաշտպանների հետ կարող եք կապվել՝ զանգահարելով 093-81-92-75 և 091-20-09-71 հեռախոսահամարներով
Բաքուն հիասթափվել է «Զանգեզուրի միջանցքից» և բարիշել Թեհրանի հետ
Բաքուն և Թեհրանը համաձայնեցրել են Արաքսի գետի ափով անցնող երկաթգծի և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղին։ Կառուցվելիք ճանապարհը ներկայացվում է որպես «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային միջանցքի մաս և Ադրբեջանը Նախիջևանի անկլավին կապող հուսալի այլընտրանք։ Օրեր առաջ Բաքվից հայտարարել էին՝ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» (Մեղրիի ճանապարհը, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանին և Թուրքիային) կորցրել է «իր գրավչությունը», այդ ծրագիրը կարող է իրականացվել Իրանի հետ՝ ամբողջությամբ շրջանցելով Հայաստանը։ Իրանից հաստատել են և հավելել՝ այսկեպ կվերացվեն նաև «ոլորտում առկա մտահոգությունները»։ Թե ինչպես է սա ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ դեռևս պարզ չէ։ Երևանից մեկնաբանություններ չկան։ Թեհրանն ու Բաքուն բարիշեցին Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհի ապահովումից։ «Դա իրենց ընտրությունն է, բայց կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը արդեն ազդարարված է։ Ադրբեջանի և Իրանի միջև մոտ մեկ տարի տևած դիվանագիտական փոխհրաձգությունը վերջին ամիսներին մարել է, կողմերն արդեն առավել հաճախ խոսում են բարեկամության և համատեղ նախագծերի մասին։ Դեռևս հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը հրահանգել էր Ադրբեջանի կառավարության պահուստային ֆոնդից 14 միլիոն մանաթ (ավելի քան 8 միլիոն դոլար) հատկացնել Զանգելանի շրջանի Աղբենդ գյուղից (Արաքս գետի վրայով) դեպի Իրան տանող կամրջի շինարարության համար։ Կամուրջը Ադրբեջանի հիմնական տարածքը (Իրանով) Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհի մի մասն է։ Այս ճանապարհը ամբողջությամբ շրջանցում է Հայաստանը։ «Ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», - երեկվա հանդիպման ժամանակ նշել է Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ուղղություններից մեկը»։ Արդյունքում Ադրբեջանը կունենա երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մյուսը արդեն Աղբենդով։ Ըստ Ալիևի՝ «երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների՝ մեր հարևանների և գործընկերների համար»։ Իրանի նախագահը հավելել է՝ «երկու երկրների շահերը բավարարում են միմյանց, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»: Վերացվելիք «մտահոգությունները», ամենայն հավանականությամբ, վերաբերում են Սյունիքի մարզով անցնող ճանապարհի և դրա հնարավոր ապաշրջափակման ֆորմատին․ Թեհրանը մինչ այս պարբերաբար հայտարարում էր, որ «թույլ չի տա սահմանփակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»։ Դա նախկին ԽՍՀՄ սահմաններ, որը մինչ օրս Հայաստանի կողմից վերահսկվում է ռուսաստանյան սահմանապահների կողմից։ ФСБ-ն, Զանգեզուրը և հին ասացվածքը 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը, որը արդեն 30 տարի է՝ ամբողջությամբ շրջափակված է, հայ-ադրբեջանական բանակցությունների կնճռոտ հարցերից մեկն էր։ Ադրբեջանը և Թուրքիան, Մեղրիի ճանապարհի մասին խոսելիս, օգտագործում էին «միջանցք» բառը և ակնարկում տարանցման պարզեցված (օրինակ՝ առանց մաքսակետի տեղադրման) ընթացակարգերի անհրաժեշտության մասին։ Երևանը հակադարձում էր՝ այդ տերմինի գործածումը վկայում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, միջանցքային տրամաբանություն լինել չի կարող, ապաշրջափակվելիք բոլոր ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Սկզբում Բաքուն՝ հղվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, փորձում էր հավասարության նշան դնել Մեղրիով անցնող ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև։ Եթե Զանգեզուրի միջանցքը չլինի, չի լինի նաև Լաչինի միջանցքը՝ հայտարարում էր Իլհալ Ալիևը։ Մոսկվայից հղվում են եռակողմ հայտարարության 9-րդ կետին, համաձայն որի Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները»: Հայաստանից հակադարձում էին՝ համատեղ հայտարարության մեջ հիշատակվող միակ միջանցքը Լաչինինն է, այլ միջանցք լինել չի էլ կարող։ Երևանը պնդում էր անցակետի և մաքսակետի տեղադրման անհրաժեշտության վրա՝ հավաստիացնելով, որ պատրաստ է քննարկել մաքսային և սահմանային ընթացակարգերը պարզեցնելու հարցը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները արդեն վաղուց չեն գործում, Լաչինի միջանցք էլ չկա, բայց Մեղրիի ճանապարհի շուրջ խմորումները դեռ շարունակվում են։ «Ցանկանում եմ հիշեցնել, որ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը», - երեկ հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքել են՝ Հայաստանը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող։ «Հայաստանի կառավարությունը վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն։ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է», - նշել է Անի Բադալյանը։ Թե ինչպես է Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ պարզ չէ։ Երևանը ակնկալում էր, որ Մեղրիի ճանապարհի վերագործարկման հետ մեկտեղ պետք է վերագործարկվեն նաև Ադրբեջանի տարածքով անցնող՝ մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհները։ Ադրբեջանից հայտարարում են, թե հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից»՝ Հայաստանը հրաժարվել է նաև տարածաշրջանային մյուս հաղորդակցություններից։ Ադրբեջանական Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամեդ Սեիդովը օրեր առաջ X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել էր․ «Մի հին արևելյան ասացվածք կա՝ «որևէ մեկը մարդու համար այնքան խնդիր չի կարող ստեղծել, որքան ինքը՝ մարդը»։ Հայաստանն առաջնորդվեց հենց այս տրամաբանությամբ՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և կորցնելով տարածաշրջանային տրանսպորտային ցանցին մաս կազմելու վերջին հնարավորությունը»։ Բաքուն Երևանից գրավիչ է «Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման առաջին նշույլները ի հայտ եկան ամռանը, երբ հուլիսի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկխոսությունը հաջողությամբ պսակվեց, փոխվեց հռետորաբանությունը, դադարեցին փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները», - հոկտեմբերի վերջին հրապարակված հոդվածում գրում էր «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Նիկիտա Սմագինը։ Ըստ նրա՝ հենց Աբդոլահիանի այցից հետո էր, որ երկու երկրների պետական լրատվական գործակալությունները հայտարարեցին Բաքվում և Թեհրանում թղթակցական կետեր բացելու մասին և պայմանագիր ստորագրեցին Աստարա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու հարցով։ «Սեպտեմբերին արդեն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ իր երկիրը Իրանից դրական ազդակներ է ստանում։ Իսկ նրանից հետո, երբ Բաքուն կարողացավ հասնել Լեռնային Ղարաբաղի հայկական չճանաչված հանրապետության պաշտոնական լուծարմանը՝ Թեհրանի հետ կոնֆլիկտն, ըստ էության, սպառվեց»։ Փորձագետի կարծիքով, Իրանը վերջին շրջանում վերանայել է իր մոտեցումները՝ հասկանալով, որ Կովկասում նոր իրավիճակ է ձևավորվել․ «Թեհրանին սպառնում էր պարտված երկրի հետ դաշինքի մեջ հայտնվելը մի իրավիճակում, երբ տարածաշրջանում այլևս գերակա դեր ունեին իր հանդեպ թշնամաբար տրամադրված Բաքուն և Անկարան»։ Թեհրանն, ըստ նրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև ի վերջո ընտրություն է կատարել հօգուտ Բաքվի։ Այստեղ կարևոր էին ոչ միայն աշխարհաքաղաքական շահերը (հայ-ամերիկյան սիմվոլիկ զորավարժություններ և այլն), այլև տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին մասնակցելը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյուններից ելնելով։
Որոշ արցախցիներ 50 հազարները չեն ստանա, թոշակները՝ գրանցումով
Հստակեցվել են արցախցիների թոշակների և նպաստների վերականգնման և 50 հազար դրամ սոցաջակցության պարամետրերը
Լելե Թեփեի «հակագրոհը»․ Ջալալ Հարությունյանը արդարացվել է
Ըստ քննիչների, հակագրոհի հրամանը տրվել է ուժերի 1։5 հարաբերակցության պայմաններում։ Ըստ փորձագետների՝ գեներալ-լեյտենանտը գործել է գրագետ։
Կարմիր խաչը օգտագործում է անձեռնմխելիությունը նախկին աշխատակցի դեմ
Փանոսյանին ապօրինաբար հեռացրել են աշխատանքից, խանգարել նոր գործի անցնել և, օգտվելով ԿԽՄԿ-ի իմունիտետից, փորձում են կոծկել․․․
Առանց թոշակ Հայաստանը Ադրբեջան ա. բողոքի եկած արցախցիները 3 օր կսպասեն
— Երեւանի 99%-ը մեր դեմ ա։ Ռայոնները` չէ։ — Ցրել են ռայոններով, որ չկարանան գան։ — Պետք ա 100-120 հազարը գա ու նստի։ Փաշինյանը ոնց արեց` ոտքով եկավ։
Քոչարյանի տղեն կազատվի պատգամավորի թղթով
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդը նրա որդի Լևոն էր։ Այսօր նա պատգամավոր դարձավ։
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ
Կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանվածներին հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ, մայրության նպաստ, խնամքի նպաստ․․․
Վատ նախադեպ․ Ղրղզստանում առևանգվածը հայտնաբերվել է Մոսկվայի բանտում
Բիշքեկում առևանգել են ձախ ակտիվիստ Լև Սկորյակինին, հաջորդ օրը նրան ապօրինի կերպով Մանաս օդանավայականից տեղափոխել են Դոմոդեդովո
«Կարմիր խաչն» ունի արտոնություն խախտելու հայաստանցիների աշխատանքային իրավունքները
Արդյո՞ք չի կարելի ենթադրել, որ ԿԽՄԿ-ն, գիտակցելով, որ օգտվում է դատական իմունիտետից, չի մոլորեցնում ՀՀ քաղաքացուն...
Հայաստանում «ուկրաինական» և «մոլդովական» «հեղափոխականների» են հայտնաբերել
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե ահաբեկչություն է կանխել։ Հաղորդագրության համաձայն՝ «Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը»։ Ըստ ԱԱԾ-ի, «դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը» չի սկսվել, քանի որ հանցանքը բացահայտվել է Ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների կողմից: Խմբի 5 անդամների նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: «Խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն», - հաղորդել է Ազգային անվտանգության ծառայությունը: Ծառայությունից հավելել են՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել դրանք։ Հաղորդագրությանը կից հրապարակված տեսանյութում ԱԱԾ-ն ինչ-որ «գաղտնալսումներից» հատվածներ են ներառվել, որոնցում անանուն զրուցակիցները խոսում են «Ամերիկայից և Ռուսաստանից սպոնսորներ» ունենալու, «Ուկրաինայից եկածներին էլ հավաքագրելու», ինչ-որ զենքերի և բլուրների մասին։ «Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները», - եզրափակել է ԱԱԾ-ն:
Թոխմախում հայտնաբերվել է բազմակի օգտագործման գերեզման
Կենտրոնական գերեզմանի վարիչը դատվելու է անբարեխիղճ վերաբերմունքի, իսկ նրա վրա հաղորդում ներկայացրած քաղաքացին՝ հանգուցյալի դիակը անարգելու համար