Home / Համայնքներ / Որոշ արցախցիներ 50 հազարները չեն ստանա, թոշակները՝ գրանցումով

Որոշ արցախցիներ 50 հազարները չեն ստանա, թոշակները՝ գրանցումով

Կառավարության այսօրվա նիստին ընդունված նախագծերով հստակեցվել են արցախցիների կենսաթոշակների և նպաստների վերականգնման ընթացակարգերը և 50 հազարական դրամ սոցաջակցություն տրամադրելու պարամետրերը։

թոշակների հարցը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիների թոշակներն ու նպաստները վերականգնելու նպատակով լրացումներ են արվելու «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում․ նախագիծը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին, արագացված կարգով ուղարկվել է Ազգային ժողով՝ քննարկման և հաստատման։

Սեպտեմբերի 19-ի պատերազմից և Ղարաբաղի հայերի զանգվածային տարհանումից հետո արցախցիները ո՛չ թոշակներ են ստացել, ո՛չ նպաստներ, ո՛չ էլ աշխատավարձեր։ Հայաստանի կառավարությունից արդարացել են՝ ԼՂ քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն համարվում, ՀՀ-ում թոշակ կամ նպաստ ստանալու իրավունք նրանք չունեն։ Երևանում ապաստանած ղարաբաղյան պաշտոնայներն էլ բացատրել են՝ հայաստանյան բյուջեից սուբսիդավորվող արցախյան գանձարանը դատարկված է, փող չի մնացել, ինքնալուծարվող հանրապետության աշխատավորները հետին թվով հեռացվել են աշխատանքից։

տե՛ս Ղարաբաղցիների մեծ մասը չինովնիկներ չեն․ ցույց՝ Արցախի նախագահի ներկայությամբ

Որպես ժամանակավոր լուծում՝ Հայաստանի կառավարությունը սոցիալական աջակցության մի քանի ծրագրեր է սկսել, Լեռնային Ղարաբաղի հայերին որոշել են փախստականի կարգավիճակ շնորհել և Հայաստանի քաղաքացիություն տալ պարզեցված ընթացակարգով։ Տեղահանվածների մեծ մասը ապաստանել է մարզերում։

տե՛ս Ղարաբաղցիների թոշակների, նպաստների և անձնագրերի մասին. նախարարություններից

Վերջերս մի խումբ մարդիկ բողոքի ցույց էին անում սոցապ նախարարության մոտ՝ պահանջելով վերականգնել իրենց թոշակները և նպաստները։ Սոցապից հավաստիացրել էին՝ զբաղվում են այս հարցով, առաջիկայում լուծում կտան։

Կառավարության այսօրվա նիստին հաստատված օրենսդրական բարեփոխումները, ըստ նախարարության, հենց այս նպատակն են հետապնդում։

Նախագծի փաթեթը հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (նշանակվում է չաշխատող անձանց), երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը վերապահելով Կառավարությանը:

Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կեսնաթոշակները վերականգնվելու են, Հայաստանի Հանրապետությունը՝ կենսաթոշակ նշանակելիս, որպես աշխատանքային ստաժ է հաշվառելու Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները։ Այսինքն՝ ստաժը ամբողջությամբ պահպանվելու է, կենսաթոշակի գումարը հաշվարկվելու է Հայաստանում գործող ընդհանուր կանոններին համապատասխան։

Առաջիկայում սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը հատուկ էլեկտրոնային հարթակ կգործարկի։ Նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղում թոշակ կամ նպաստ են ստացել, կշարունակեն թոշակ ու նպաստ ստանալ նաև Հայաստանում․ «Ինքնաշխատ տարբերակով դա կընդունենք ի գիտություն և կսկսենք կենսաթոշակների այդ իրավունքն իրացնել»: Նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղում թոշակ կամ նպաստ չեն ստացել, էլեկտրոնային հարթակի միջոցով կարող են դիմում ներկայացնել․ նախարարությունը  «կունենա լիազորություն օրենքով սահմանված բոլոր այդ չափանիշներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»:

Էլեկտրոնային հարթակը դեռևս չի գործարկվել, նախարարի խոսքով՝ օրենքի նախագիծը առաջիկայում պետք է քննարկվի և հաստատվի Ազգային ժողովի կողմից։ Տեխնիկական աշխատանքները մինչ այդ ավարտին կհասցվեն, օրենքի ընդունումից հետո հարթակը հասանելի կլինի․ «Երբ հարթակը գործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մայրության նպաստի համար, խնամքի նպաստի և կենսաթոշակների համար»:

Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար անհրաժեշտ պայման է լինելու՝ գրանցված լինել Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում:

«Հաշվառման և քաղաքացիության հետ սա չպետք է շփոթել, շատ կարևոր է, որպեսզի որևիցե հասցեում անպայման գրանցված լինեն», – նշել է նախարարը։ Որտե՞ղ են գրանցվելու մարդիկ, որոնք Հայաստանում ո՛չ տուն ունեն, ո՛չ էլ հարազատները՝ պարզ չէ։

Մկրտչյանը նշել է՝ հարցերի կամ էլեկտրոնային դիմումները ինքնուրույն լրացնելու հնարավորության բացակայության դեպքում շահառուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Հայաստանի Հանրապետությունում 49 նման կենտրոն կա, «հասցեները բազմիցս հրապարակվել են, մարդիկ տեղյակ են»:

50 հազարները՝ բացառություններով

Կառավարության այսօրվա նիստին հստակեցվել են նաև 50 հազար դրամ սոցաջակցության պարամետրերը։

Որոշվել է, որ առաջնային սպառողական ծախսերի համար նոյեմբերին և դեկտեմբերին պետությունն արցախցիներին 50 հազար դրամ կտրամադրի։ Աջակցությունից չեն օգտվի 2 միլիոն դրամից ավելի բանկային ավանդ ունեցող, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող և մինչև սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված արցախցիները։

«Ծրագրի համար դիմողը դիմում լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում Կենտրոնական բանկը կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները», – ասել է Նարեկ Մկրտչյանը։

50 հազար դրամը ստանալու համար տեղահանված արցախցիները պետք է եկող շաբաթվանից էլեկտրոնային դիմում ներկայացնեն։ Հերթական աջակցության ծրագիրն իրականացնելու համար կառավարությունն այսօր 10 մլրդ դրամ տրամադրեց բյուջեից։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հնարավոր պայմաններում տեղավորել ենք, եղել են դեպքեր, երբ հյուրանոցներում են տեղավորվել, հիմա տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, այլ տեղերում բնակվեն, որրպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը», – նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիները պետք է մինչև նոյեմբերի 15-ն ազատեն հյուրատներն ու հյուրանոցները, որպեսզի դառնան 50 հազարականների շահառու, պարզաբանեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը.

«Մեկ շաբաթ էլ դեռ ունեն, ստացել են բնակարան վարձակալելու համար հոկտեմբերի ամսից արդեն գումարներ, նոյեմբեր ամսվա համար դիմում կներկայացնեն, կստանան, և դա է տրամաբանությունը, որ մենք վերջնաժամկետ ենք սահմանում, այսինքն՝ սա շատ կարևոր հանգամանք է, որ բոլորը գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»։

Պաշտոնական տվյալով՝ անցած մեկ ամսում 100 հազար միանվագ աջակցությունից 104 հազար 200 արցախցի է օգտվել։ Բնակարան վարձակալողները ստացել են նաև 40+10 հազար դրամի փոխհատուցումը՝ նշել են կառավարությունից՝ առանց թվեր հրապարակելու։