Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր․ հայկական բանակը շարունակում է սպանել
Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում...
Գերմանական մետալ խմբին վախեցրել է Հայաստանում տիրող իրավիճակը
Գերմանիայի արտգործնախարարության հետ «խորհրդակցելուց» հետո Lord of the Lost մետալ խումբը չեղարկել է երևանյան համերգը՝ վկայակոչելով «Հայաստանում վերջերս տիրող քաղաքական իրավիճակով պայմանավորված ճամփորդական նախազգուշացումը»։ Խումբը չեղարկել է նաև թբիլիսյան համերգը, քանի որ ընդամենը մեկ շոու անելը չափազանց ծախսատար է և լոգիստիկ խնդիրներ է ստեղծում։ Epress.am-ի հարցին՝ արդյո՞ք պաշտոնական Բեռլինը սեփական քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան այցելելուց, Գերմանիայի դեսպանատնից բանավոր պատասխանել հրաժարվեցին։ Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակման ֆոնին Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մասնակի ճամփորդական նախազգուշացում է հրապարակել (նախազգուշացումը թարմացվել է սեպտեմբերի 13-ին), որով Գերմանիայի քաղաքացիներին հորդորում է զգուշանալ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանակցող շրջաններ այցելելիս, հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցերից և հաշվի առնել, որ սահմանային շրջաններում ռազմական բախումների վտանգը բացառված չէ։ Մասնակի նախազգուշացման մեջ խոսվում է նաև Հայաստանում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցերի հավանականության մասին։ Միացյալ Նահանգների, Գերմանիայի և արևմտյան որոշ այլ երկրների դեսպանատները «ճամփորդական նախազգուշացումներ» են հրապարակում հիմնական ռազմական բախումների կամ ներքին անկայությունների վտանգի դեպքում։ Նման նախազգուշացումներ նախորդել են տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր էսկալացիաներին։
Երևանյան դատարանը հետաձգել է չեչենին ՌԴ-ից փրկելու մասին որոշումը
Հայաստանից պաշտպանություն հայցող ռուսաստանցի Սալման Մուկաևի գործով արդեն երկրորդ դատական նիստը հետաձգվում է․ դատավորը պահանջում է տրամադրել Եվրախորհրդի՝ Ռուսաստանի Դաշնությանը առնչվող և 2020 թվականին հրապարակված զեկույցի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածի լիցենզավորված թարգմանությունը։ Նախորդ նիստին դատավորը Ռուսաստանում բռնաճնշումների մասին զեկույցներ, Մուկաևի հետապնդումը և Հայաստանում նրա գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր էր պահանջել։ Դատարանը փաստացի հաշվի էր առել պաշտպանի փաստարկը՝ ՌԴ-ում Սալմանին մահացու վտանգ է սպառնում, Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում, նրա արտահանձնումը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Պաշտպանական կողմը՝ ՓԻՆԿ Արմենիա կազմակերպության փաստաբան Հասմիկ Պետրոսյանը, պահանջում է Մուկաևին փախստականի կարգավիճակ տալ։ Քանի դեռ գործը դատարանում է, նրան արտահանձնել չեն կարող։ Սալման Մուկաևը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։ Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։ մանրամասները՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել Դատ․ Հայաստանում փորձում են փրկել չեչեն տղամարդուն
Զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչությունում պարտադրված ներգրավումից
Ցանկացած գործողություն, որն ուղղված է լինելու մտքի ազատության, խաղաղ հավաքների մասնակցության իրավունքի իրացմանը պետք է․․․
Միանգամյա օգնությունը չի նշանակում հայերի ապաշրջափակում. Բաքվից
Բաքվից հորդորում են հումանիտար ակցիան շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ
Ծնողներից գումար են հավաքում Երևանի ավագանու ՔՊ թեկնածու տնօրենի համար
Պետք է նվերներ ստանա ոսուցիչների տոնին, ծննդյան օրվա կապակցությամբ և մարտի 8-ին։ Ավարտական դասարանները պետք է նաև «սեղան գցեն»։
Բաբայանը չեղարկում է հանրահավաքը. Կիևը մերժում է Ղարաբաղի նոր նախագահին
Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։ ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։ Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», - տեղեկացրել է Սամվել Բաբայանը։ Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։ Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»: Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։ Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։ Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։ Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։ Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։ տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․ — Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, — Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, — այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: — Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն, — ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, — Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։ Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։ տե՛ս Զորքերի կուտակումների մասին Երևանից զանգում են Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։ Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։
Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվան առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը
Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե միևնույն ժամանակ այնտեղ մտնի նաև Կարմիր մահիկի օգնությունը՝ «Ռոյթերսին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա, Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։ Արդեն երրորդ ամիսն է՝ Լեռնային Ղարաբաղը ամբողջապես պաշարված է, նույնիսկ հումանիտար մատակարարումներ չեն իրականացվում։ Իր իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամին Բաքուն արձագանքում է ինտեգրման «առաջարկով»՝ պահանջում է գործարկել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ենթակառուցվածները և ուղիղ հայտարարում՝ մինչև Աղդամի ճանապարհը չգործարկվի, Լաչինը փակ է մնալու։ Ստեփանակերտը Ադրբեջանից բեռնափոխադրումների «այլընտրանքը» մերժում է՝ այն համարելով «բլոկադային» շատնաժի և հարկադիր հպատակեցման քաղաքականության մաս։ տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կողմ են Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հեռախոսազրույցի մասին պրես-ռելիզներ են տարածել թե՛ Երևանը և թե՛ Բաքուն։ Հաղորդագրություններում շարադրվել են կողմերի՝ վերջին շրջանում անընդհատ կրկնվող թեզերը։ Վաշինգտոնը աջակցում է «Լաչինի և մյուս ճանապարհների» միաժամանակ և անմիջապես բացմանը՝ զրույցից հետո հաղորդել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», - Արարատ Միրզոյանի հետ զրույցից գրել է Յուրի Քիմը: տե՛ս Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի «Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», - ասված է Քիմի մյուս գրառման մեջ: Աղդամի ճանապարհի գործարկման և հաջորդիվ Լաչինի միջանցքի վերաբացման օգտին է արտահայտվել նաև Մոսկվան։ Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ առաջարկել էր բացել նախ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ուղին, մեկ օր անց՝ վերագործարկել նաև Լաչինի միջանցքը․ պայմանավորվածությունը, ըստ արտահոսքի, վերջին պահին տապալվել է։ Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր՝ Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ «Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց»։ Զախարովան հավելել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հարցի շուրջ նախորդ շաբաթ քննարկումներ է ունեցել Երևանում, այժմ էլ հանդիպումներ է անցկացնում Բաքվում։ վիճակը վատ է Ադրբեջանն արդեն 9 ամիս է՝ այս կամ այլ կերպ շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, զուգահեռաբար՝ հայտարարում, թե ճանապարհը իրականում բաց է։ Հակարիի կամրջին Բաքուն անցակետ է տեղադրել, հունիսի 15-ից՝ արգելել դեպի Արցախ նույնիսկ հումանիտար բեռների մուտքը։ Միջանցքից նույնսիկ ռուս խաղաղապահները չեն կարողանում օգտվել։ Նրանք իրենց համար ներկրումներ են անում ուղղաթիռներով։ Ղարաբաղում այս օրերին սննդի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ է։ Արդեն մի քանի օր է՝ նույնիսկ հացն է կտրոններով վաճառվում։ Մեկ հոգուն օրական հասնում է 200 գրամ՝ կես մատնաքաշ։ Կառավարությունը հացը կտրոնով է դարձրել, որ կառավարի բաշխումը, լուծի գիշեր-ցերեկ հերթերի հարցը։ Կտրոնով հացն էլ հեշտ չի ճարել՝ միևնույնն է պետք է հերթ կանգնես։ Հերթը ոչ բոլորին է հասնում։ տե՛ս Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին Իշխանությունները չեն թաքցնում՝ սննդի և հատկապես հացի խնդիրը սուր է, ալյուրի պաշարներ չկան։ Գյուղաջակցության հիմնադրամը հողօգտագործողներից ցորեն է խնդրում՝ կիլոգրամը 250 դրամով։ Բայց գյուղերի ամբարներում բավարար պաշարներ չկան, շատերի բերքը դաշտում է մնացել։ Սննդի պակասի պատճառով մանկապարտեզները չեն աշխատում։ Հանրային տրանսպորտը վաղուց կանգնած է։ Ղարաբաղից հաղորդում են՝ սովամահության դեպք է արձանագրվել, հիվանդ երեխաների վիճակը շարունակ վատթարանում է, թերսնվածության պատճառով սրվում են առողջական խնդիրներ ունեցող, հղի կանանց խնդիրները։ Լեռնային Ղարաբաղի սահմանները, մինչ այդ, պաշարվում են հումանիտար բեռներով․ Հայաստանից ուղարկված տասնյակ բեռնատարներ լռվել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ (Ադրբեջանը նրանց մուտքը Ղարաբաղ արգելում է), Բաքվից ուղարկված բեռնատարերն էլ Աղդամի ճանապարհին են սպասում (ԼՂ իշխանությունները և Ասկերանի բնակիչները փակել են նրանց ճանապարհը)։ տե՛ս Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու Օգոստոսի 31-ին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր․ «Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»։ Ղարաբաղի իրավիճակը նա «աղետալի» էր որակել և տեղեկացրել՝ «այս հարցով վերջին մի քանի օրվա ընթացքում կարծիքներ են փոխանակել ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնությունը»։ Բեռլինի կոշտ հայտարարությունից հետո Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը գործուղվել էր Գերմանիայի մայրաքաղաք։ Deutsche Welle-ի հետ զրույցում Էլչին Ամիրբեկովը կոչ էր արել Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից։ Մինչ այդ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի հարցով Ադրբեջանը բավականին մեծ միջազգային ճնշման է ենթարկվում, բայց մտադիր չէ նահանջել։ Միջնորդների ճնշումների մասին էին ահազանգել նաև Ստեփանակերտից․ ղարաբաղյան ուժերի գերակշռող մասը Աղդամի գործարկումը դիտարկում է որպես ինքնավարության վերջ և ուղիղ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ։ տե՛ս Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք․ զրույցներ Ստեփանակերտում վաղը նոր նախագահ են ընտրելու։ ԼՂ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն, «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Նրա թեկնածությանը չի աջակցել միայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մինչ այս Անվտանգության խորհրդի քարտուղար էր։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի հետ։ Վերջիններս հրապարակավ հանդես են գալիս ընդդեմ «նոր զիջումների»։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել
Զենքերով բռնվածների թվում կա լրագրող ու բլոգեր. ԱԱԾ
Ռուսական «Sputnik Արմենիա» գործակալության լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս 5 անձինք ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Թե ովքեր են մյուս 5 ձերբակալվածները՝ Քննչական կոմիտեն չի ասում։ Նշվում է, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի մասնակցությամբ, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից նախնական համաձայնությամբ է մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով է կատարվել ենթադրյալ հանցանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթը հարուցել է դեռ օգոստոսի 24-ին, ձերբակալությունները արդեն տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին և 7 -ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 7 հոգուց 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Կասկածյալներին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։ լրագրող Աշոտ Գևորգյանը, լուսանկարը՝ Sputnik Արմենիա «Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր», - նշվել է հաղորդագրությունում։ Թե ո՞րն է եղել այդ զենք-զինամթերքի իրացման նպատակը՝ Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվել է ասել։ Լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, ըստ նրա, ձերբակալվել են Սյունիքի մարզում են։ Փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ զենքը հայտնաբերվել է Աշոտ Գևորգյանի մեքենայում։ Գրիգորյանը հավաստիացրել է՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, իր պաշտպանյալները հայտնաբերված զինամթերքի հետ կապ չունեն։ «Կոնկրետ իրենց մոտից չեն հայտնաբերվել, այլ հայտնաբերվել են մեքենայում, իրենք որևէ առնչություն, իմ կարծիքով, չունեն, դա ընդամենը թյուրիմացություն է, կարծում եմ, այս ընթացքում ավելի պարզ կդառնա իրենց մասնակցությունը սույն քրեական գործի շրջանակներում: Մեքենան պատկանում է Աշոտ Գևորգյանին, իրենց հետ եղել են այլ անձինք, այս պահի դրությամբ իրենց մասով որևէ տեղեկություն չունեմ», - ասել է փաստաբանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողն ու բլոգերը սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզ էին մեկնել աշխատանքի բերումով, նկարահանումների էին նախապատրաստվում։ Նույն օրն էլ ձերբակալվել են։ Այժմ գտնվում են Գորիսի ՁՊՎ-ում։ Սքրինշոթ 2022-ի հուլիսի 29-ի ակցիայից․ մի խումբ ռուսաստանցիներ հակապատերազմական բողոքի ցույց էին կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ, Բադալյանը և նրա թիմակիցները եկել էին նրանց պատժելու Միկա Բադալյանը ներկայանում է որպես բլոգեր, ընդդիմադիր ակտիվիստ է, մասնակցում էր 2020 թվականի պատերազմին հաջորդած հակակառավարական բողոքի ցույցերին, պարբերաբար ակցիաներ էր կազմակերպում Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Կրեմլի։ Անցյալ տարվա ապրիլի 23-ին նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Երեք ամիս անց ազատ էր արձակվել՝ «կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների» հիմքով։ Փաստաբանները պնդում էին, թե նա նախաինսուլտային վիճակում է։ Աշոտ Գևորգյանը ռուսական «Sputnik» լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի աշխատակից է։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանությունն ընդգծել էր. - «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովն էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։
Արագած սարի վրա գործող օբեկտի գործունեությունը կասեցվել է
Աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։
Ում է խանգարում Wildberries-ը
Հայաստանցի տնտեսվարողների «Stop Wildberries Armenia» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ռուսական Վայլդբերրիզ օնլայն խանութների գործունեությունը։ Սեպտեմբերի 7-ի առավոտյան առևտրականները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք պնդում են, որ Վայլդբերրիզի համար Հայաստանում այնքան բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որ տեղական արտադրողները և սպառողները, մրցակցությանը չդիմանալով, տակ են տալիս և փակվում։ «Ապրանքը բերում ենք, 13 դոլարով մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ փակեն Վայլդբերրիզը, միաժամանակ՝ նաև Օզոնը։ Մենք մի անգամ խաբվել ենք «Յանդեքս» տաքսու դեպքում։ Երբ որ մենք՝ հայաստանցի տնտեսվարողներս փակվենք, Վայլդբերրիզը 4000 դրամանոց կոշիկը սկսելու է 12 000 դրամով վաճառել», - ասել է նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը, որը առաջ հագուստի և կոշիկի օնլայն վաճառքով էր զբաղվում։ Վայլդբերրիզ էլեկտրոնային առևտրի հարթակում ներկայացված ապրանքները, ըստ նրա, զգալիորեն ավելի էժան են վաճառվում, քան տեղական տնտեսվարողների խանութներում, քանի որ որպես կանոն չեն մաքսազերծվում։ Բնականաբար սպառողները նախընտրում են ավել չվճարել։ Տեղացիները, ըստ նրա, անբարենպաստ պայմաններում են հայտնվել ոչ միայն մաքսատուրքերը, այլև հարկերի պատճառով։ Ցույցի մասնակիցներից որոշները պնդում էին, որ օնլայն առևտուր իրականացնող գիգանտները հարկեր չեն վճարում Հայաստանի պետբյուջե, քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն։ Էկոնոմիկայի նախարարը հակադարձում էր՝ հարկեր չվճարելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ «Երբ Հայաստանի սպառողն ապրանք է գնում Վայլդբերրիզից, ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը տեղափոխվում է Հայաստան։ Այսինքն՝ Վայլդբերրիզը հենց Հայաստանում վճարում է ավելացված արժեքի հարկ՝ մի բան, որ հայաստանցի փոքր և միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջանառության հարկի սահմանաչափով։ Կարելի է նույնիսկ հակառակն ասել՝ Վայլդբերրիզը ավելի շատ հարկ է վճարում, քան տեղական փոքր և միջին ձեռնարկությունները։ Գնային տարբերության հարցը արդեն տասնյակ տարիներ քննարկում ենք՝ մեր իսկ սուպերմարկետները ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են այդ ապրանքը։ Դա նոր բան չէ և պայմանավորված է շրջանառության մասշտաբներով», - նշում էր Վահան Քերոբյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը պարզաբանում էր՝ նախկինում Վալդբերիզը իրոք ազատված էր ԱԱՀ վճարելու պարտականությունից, այս տարվամիվ սկսած ընկերությունը ԱԱՀ-ն վճարում է Հայաստանում։ Անցած տարի ընդունված օրենքի համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործում է ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը, այսինքն՝ այս տարվանից առաջ Վայլդբերրիզը հայ սպառողին ապրանք մատակարարելիս Հայաստանում ԱԱՀ չէր վճարում, բայց 2023-ի տարեսկզբից՝ վճարում է։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, Ռուստամ Բադալյկանի խոսքով՝ «մաքսային արժեքը որոշելու հստակ կանոններ կան», Վայլդբերրիզն այստեղ հատուկ արտոնություն չունի։ Առևտրականները այս պնդման հետ համաձայն չեն։ Ասում են՝ Վայլդբերրիզի գայթակղիչ ցածր գները և նրա համար սահմանված ցածր մաքսատուրքերն են մեղավոր, որ տեղական միջին և մանր բիզնեսը սնանկանում է, մարդիկ մնում են առանց աշխատանքի, բյուջեն՝ առանց դիվերսիֆիկացված հարկերի։ Կա՛մ Վայլդբերրիզը պետք է փակվի, կա՛մ նրա համար մաքսատուրքերը պետք է բարձրացվեն, կամ մանր-միջին առևտրականների համար մաքսազերծման գները պետք է այնքան իջեցնեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել։ «Վայլդբերրիզի գումարը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները Հայաստանն են պահում», «Վերջին ամիսներին ընդհանրապես առևտուր չենք կարողանում անել», «Սա նոր «Յանդեքս» է դարձել՝ մտնում են, կոպեկներով վաճառում, մնացածին մեջտեղից հանում, հետո եռակի բարձրացնում գները», - կրկնում էին ակցիայի մասնակիցները։ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2018 թվականի օգոստոսին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունը Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) «Վայլդբերիզը» Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերն աճել են 16 անգամ (2022-ի առաջին կիսամյակում «Վայլդբերրիզ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 403-րդ տեղը՝ 295 մլն դրամ հարկերով)։ Ամսվա սկզբին Հայաստանի ՊԵԿ-ից հայտարարել էին՝ «Վայլդբերրիզի» մոտ ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր։ Ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ՝ հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ մոտ 3․6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից ավելի քան 1․7 մլն դրամ՝ տույժեր և տուգանքներ։ Ընկերությունից պարզաբանել են՝ հայաստանցի օգտատերերը հավելվածում լծակ էին գտել, որի միջոցով կարողանում էին ապրանքներ պատվիրել ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Տեխնիկական խնդիրը, ըստ Վայդբերրիզի, արդեն վերացվել է։ լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները ազատ են արձակվել
Տղաները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն