Ի՞նչ կապ ունի Արևմուտքը, եթե մեր պայմանավորվածությունները չեն գործում․ վարչապետ
«Նախկինում մենք մեր արևմտյան գործընկերների հետ անվտանգային հարցեր ընդհանրապես չէինք քննարկում»
Երևանի կենտրոնում պահանջեցին ազատել «առևանգման փորձ» արած կնոջը
Կոռնիձորում հանրահավաք անողները գալիս են միանալու
Քաղաքապետ պապայի խաթեր ծեծել է գյուղապետի ամուսնուն
Սպիտակ համայնքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանին, խոստովանել է, որ երեկ երեկոյան ծեծել է Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջ գյուղի վարչական ղեկավարի ամուսնուն՝ Էդգար Հովհաննիսյանին։ Նա ձերբակալված է։ Ավելի վաղ Հովհաննիսյանը վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց։ Նրա մոտ գլխուղեղի ցնցում և փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդներ են ախտորոշել, սկզբում դուրս են գրել, հետո՝ շտապօգնության մեքենայով հոսպիտալիզացրել։ Տուժածը ու նրա կինը՝ Սարալանջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը, անուններ չեն տվել, չեն պատմել՝ ով կամ ովքեր են եղել ծեծողները, ինչ է առհասարակ տեղի ունեցել։ Նրանք «կասկածներ չունեն»։ Մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Գոռ Նիկողոսյանից բացի ծեծկռտուքին մի խումբ երիտասարդներ են մասնակցել, վիճաբանությունն էլ բավականին երկար է տևել։ Ենթադրվում է, որ պատճառը համայնքի ղեկավարի և Սարամեջի վարչական ղեկավարի միջև կոնֆլիկտն է։ Վերջինս ավելի վաղ հայտարարում էր, թե համայնքապետը ստիպում է իրեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Կոնֆլիկտի բովանդակությունը հայտնի չէ։ Քաջայր Նիկողոսյանը 2021-ին ընտրվել է Սպիտակի համայնքապետ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Երեկ ծեծի ենթարկված Էդգար Հովհաննիսյանը նրա թիմակիցներից էր, խոշորացումից առաջ նշանակվել էր Սարամեջի գյուղապետի պաշտոնակատար։ 2021-ի ՏԻՄ ընտրություններից հետո գյուղի վարչական ղեկավար է նշանակել նրա կինը՝ Թամարա Մինասյանին։ Թե ինչ է հետագայում պատահել՝ պարզ չէ։ Սպիտակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արդեն տևական ժամանակ պառակտված է, 18 ավագանիների մի մասը նիստերը առհասարակ բոյկոտում է։ Համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարի կոնֆլիկտի ֆոնին մի քանի օր առաջ մամուլում սկսեցին գրել, թե սարալանջցիները բողոքում են համայնքների խոշորացումից, ասում են՝ իրենց գյուղը անտեսված է ապրում, գումարը կրճատել են, ոչ մանկապարտեզ են սարքում, ոչ ոռոգման ջրի խնդիրն են լուծում։ Երկու օր առաջ համայնքապետ Նիկողոսյանը՝ աշխատակիցների և մի խումբ երիտասարդների հետ, որոնց մեջ էր նաև նրա որդին, այցելել են Սարամեջ՝ լարվածությունը մեղմելու։ Այցը հակառակ արդյունքն է տվել։ Գյուղացիների հետ հանդիպումը վերածվել է լեզվակռվի։
Ղարաբաղում սոցցանցերի արգելափակումը «բացառապես տեխնիկական» էր
Մայիսի 18-ին գրեթե ամբողջ օրը Ղարաբաղում մասնակի արգելափակվել էին Ֆեյսբուք, Վոթսափ և Ինստագրամ սոցիալական ցանցերը։
Ալիևների փողերի բրիտանացի լվացողը. կաշառքներ, զենք, պահպանողականություն
Ադրբեջանական միլիարդները լվացվել են պատգամավոր, օլիգարխ Ջավանշիր Ֆեյզիևի և բրիտանացի գործարար Ջավադ Մարանդիի միջոցով
Զորակոչիկներին հորդորում են առողջության հետազոտությունները անցնել վճարովի
չնայած զորակորչիկների հետազոտումը և բուժումն, ըստ օրենքի, անվճար է
20-ամյա զինվորի մահվանը Բաքուն արձագանքել է «հայկական ԱԹՍ-ներով»
Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման նախաշեմին Երևանն ու Բաքուն մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում
Շրյոդինգերի ժողովրդավարությունը
Աշոտ Փաշինյանի առևանգումը «հրավեր էր Եռաբլուր»
Ժամը 15։00-ի սահմաններում իր տան մոտից փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան։ Մի պահ կանգ առած մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան: Վրաերթի հետևանքով վնասվել է Փաշինյանի ոտքը։ «Որդիների կանչի» անդամները, ըստ ՀԺ-ի, դիմել են փախուստի: Վարչապետի որդին ավելի ուշ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Փաշինյանի առևանգման փորձին, ըստ ՀԺ-ի, մասնակցել է նաև «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է Գարիկ Գալեյանը (44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է)։ Մինչ այս Գալեյանը ձերբակալվել էր ընդդիմադիր ակցիաներից մեկի ժամանակ զորամասի հրամանատարին բռնության ենթարկելու համար։ Ավելի վաղ նա միացել էր նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նստացույցին։ Կոչ էր անում «պատժել» վարչապետի ընտանիքից։ Ոստիկանությունից հաստատել են՝ հաղորդում են ստացել վարչապետի որդուն իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին, «անհրաժեշտ գործողություններ են իրականացվում»։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գարիկ Գալեյանը հերքել է։ News.am-ի հետ զրույցում նա հայտարարել է, թե իրենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց նկատել են Աշոտ Փաշինյանին, «զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք Եռաբլուր, տես՝ ինչ են արել հերդ ու մերդ»։ Ըստ նրա, բռնություն չի եղել, Փաշինյանը հոժարակամ նստել է իրենց մեքենան․ «Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ կարմիրբերետավորները բռնի ուժի գործադրմամբ ձերբակալել են և Շենգավիթի բաժին են տարել զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին։ թարմացում — Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Գարիկ Գալեյանը, պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, և զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Ոստիկանները նրանց բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ից: թարմացում — ՀԺ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Փաշինյանը դուրս նետվում մեքենայից և վրաերթի ենթարկվում հետևից երթևեկող մեքենայի կողմից․ թարմացում — Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հաղորդել է Քննչական կոմիտեն։ Ձերբակալվել է մեկ անձ։ «Մի կին մոտեցել է Աշոտ Փաշինյանին, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Կինը Փաշինյանի համար անսպասելի վարել է մեքենան։ Ավելի ուշ կինը դադարեցրել է արագությունը, որի ժամանակ Աշոտ Փաշինյանը բացել է մեքենայի դուռը և ցած նետվել։ Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Աշոտ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ շապիկի լուսանկարը՝ Sputnik Արմենիայի
Կներեն, եթե բանակ տանեն․ ղեկավարությունը հերքում է
Զինկոմիսարիատից զանգել են և առաջարկել՝ քրեական պատասխանատվությունից կազատվես, եթե մեկնես վարժական հավաքների
Հայաստանում տոննաներով կոկաին կա
3․7 տոննա կոկաինը ներհայաստանյան սպառման համա՞ր էր, ի՞նչ երաշխիքներ է ստացել ներմուծողը և ամենակարևորը՝ ումի՞ց
Քեմալական ալևին և Էրդողանի բռունցքը
Թուրքիայում երեկ նախագահական ընտրություններ էին։ Ըստ նախնական արդյունքների՝ թեկնածուներից ոչ մեկը չի հատել 50 տոկոսանոց շեմը։ Մայիսի 28-ին երկրորդ փուլ է լինելու։ Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ առաջին տեղում գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն է (49․51%), երկրորդ տեղում՝ ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%), երրորդում՝ ծայրահեղ ազգայնական Սինան Օղանը (5,7%)։ Թուրքիայում քվեարկած բոլոր ընտրողների ձայները արդեն քաշվվել են (մասնակցույթունը կազմկել է 88,92%): Չնայած արտասահմանյան ընտատեղամասերի արդյունքները դեռևս չեն ափոփվել, արդեն իսկ պարզ է, որ թեկնածուներից ոչ մեկը չի գերազանցի 50 տոկոսը։ Երկրորդ փուլն անխուսափելի է՝ հաստատել է Գերագույն ընտրական հանձնաժողովը։ Թուրքիայում այս ընտրությունները պատմական են համարում․ 2003-ից ի վեր միավորված ընդդիմությունը (ի դեմս Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի) առաջին անգամ հաղթելու շանս ունի։ Էրդողանի դարաշրջանը Արդեն ավելի քան 20 տարի է՝ Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր-վարչապետը դարձել է ավտոկրատ-նախագահ, ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից Թուրքիան վերածվել է ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։ 1․ նախագահի երկիր Էրդողանը վարչապետ է դարձել 2003 թվականին։ BBC-ին հիշեցնում է՝ խորհրդարանական հանրապետությունը նրա օրոք (2010 թվականին) վերաձևվել է նախագահականի։ Երբ Էրդողանի վարչապետության երրորդ ժամկետը լրացել է, նա (2014 թվականին) վերընտրվել է արդեն որպես նախագահ։ Ի սկզբանե նախագահի պաշտոնը դեկորատիվ էր, 2017-ին՝ այսպես կոչված ռազմական հեղաշրջման փորձից հետո, զանգվածային բռնաճնշումների ֆոնին Էրդողանը սահմանադրական հանրաքվե արեց, վերացրեց վարչապետի պաշտոնը և հնարավորինս ընդլայնեց նախագահի լիազորությունները։ Խորհրդարանական ժողովրդավարության հակակշիռների համակարգը վերջնականապես ապամոնտաժվեց։ Նախագահին այլևս ենթարկվում են և՛ Կառավարությունը, և՛ ընտրական հանձնաժողովները, և՛ ոստիկանությունը, և՛ բանակը, և՛ նույնիսկ դատարանները։ լուսանկարը՝ Ումիթ Բեքթասի, POOL, AFP Իշխանության կենտրոնացումը, խորհրդարանական հակակշիռների փաստացի վերացումը վերջ տվեց ոչ միայն ներքին ստատուս քվոյին, այլև քրդերի և կիպրոսցիների հետ խաղաղության հույսերին․ ռեգիոնալ իրավիճակը շարունակում էր սրվել։ 2․ շատ ավելի հարուստ, իսկ հետո՝ մի քիչ ավելի աղքատ Էրդողանի իշխանության առաջին տասնամյակը նշանավորվել է տնտեսական տպավորիչ աճով՝ տարեկան մոտ 8 տոկոս, ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել էր՝ անհատական 4․7 հազար դոլարից (2003թ․) մինչև 12․5 հազար դոլար (2013թ․)։ Բացառիկ թվերը BBC-ին հիմնավորում է տնտեսության ազատականացմամբ, եվրաինտերգման հեռանկարներով, հսկայական արտասահմանյան ներդրումներով և Էրդողանի կառավարության մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերով։ Աղքատ ժողովրդի, մարզերի բնակիչների սրտերը պահպանողական վարչապետը միայն մշակութային քաղաքականությամբ չէր շահում, այլև սոցիալական նախագծերով, որոնք նոր հնարավորություններ էին ստեղծում մինչ այդ անտեսված լայն խմբերի համար։ Էրդողանի իշխանության երկրորդ տասնամյակում տնտեսական աճը կրկնապատիկ կրճատվել է, ՀՆԱ-ն՝ համեմատաբար նվազել, իսկ գները՝ սրընթաց աճել։ Ինֆլյացիան այժմ համեմատելի է 2001 թվականի ճգնաժամի հետ՝ տարեկան ավելի քան 60 տոկոս։ Ազգային փոխարժեքը մի քանի անգամ դևալվացիայի է ենթարկվել։ Էրդողանի համարձակ քաղաքական փորձի հետևանքներից որոշները հիմա են երևում։ 2016 թվականից հետո իշխանությունը մաքսիմալ կենտրոնացրած նախագահն այժմ համակարգում է նաև ԿԲ-ի վարկային քաղաքականությունը, որոշումներ ընդունում, որոնք նույնիսկ նրա կառավարության տնտեսագետներն են համարում չհիմնավորված։ Միջանկյալ արդյունքը վերջին տարիների պերմանենտ ճգնաժամն ու կենսամակարդակի արդեն շարունակական անկումն է։ Այնուամենայնիվ, Էրդողանի 20-ամյա կառավարության ընդհանուր տնտեսական արդյունքները դրական են՝ թուրքերը հիմա ավելի հարուստ են, քան մինչ այդ, երկրի ռազմավարական՝ էներգետիկ, զբոսաշրջային, տրանսպորտային, արդյունաբերական, ռազմարդյունաբերական ոլորտները շեշտակի զարգացել են, չնայած կոռուպցիային և պարբերաբար բացահայտվող մասշտաբային չարաշահումներին։ 3․ համարյա գերտերություն Էրդողանի օրոք Թուրքիան պերիֆերիկ պետությունից վերածվել է ռեգիոնալ տերության։ 20 տարի առաջ Միացյալ Նահանգները տարածաշրջանում առանցքային դեր էր խաղում։ Էրդողանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք։ Վերջին երկու տասնամյակներում (Արաբական գարուններ եղան, Սիրիայում լայնածավալ պատերազմ սկսվեց․․․) Վաշինգտոնի ներգրավվածության ծավալները (ձևերը) փոխվեցին, Անկարայինը՝ հետզհետե աճեցին։ Արդեն այսօր Թուրքիան միջազգային խաղացողի համբավ ունի՝ մասնակցում է խոշոր տնտեսական նախագծերին, այս կամ այն չափով ներգրավված է գրեթե բոլոր ռեգիոնալ պատերազմներում։ Չնայած Միացյալ Նահանգների հետ մեկումեջ լարվող հարաբերությունների՝ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի կազմում։ Իսլամական աշխարհում աճող ազդեցության հետ մեկտեղ այն նաև անփոխարինելի գործընկեր է Եվրոպայի համար՝ կարողացավ փակել սիրիացի փախստականների հոսքը դեպի ԵՄ, ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական (հիմնականում՝ ցորենի արտահանման շուրջ) բանակցությունները և այլն։ Քրդական հարցի շուրջ (Թուրքիան արդեն երկար տարիների պատերազմ է մղում Քուրդիստանի դեմ՝ Սիրիայի, Իրաքի և սեփական տարածքում) պարբերաբար աճող լարվածությունը այս համագործակցությանն ըստ էության չի խանգարում։ Վերջին տասնամյակում Թուրքիայի ներկայությունը էապես աճել է նաև Հարավային Կովկասում և ոչ միայն Ադրբեջանի հետ դաշինքի հաշվին։ Չնայած ներդրումային և առևտրային դեֆիցիտին (անցյալ տարի երկրից 50 միլիարդ դոլարով ավելի շատ փող է դուրս եկել, քան մտել), Էրդողանին հաջովում է պահել տնտեսությունը, այդ թվում՝ երկու աթոռի վրա նստելու կարողության շնորհիվ, մեկնաբանում է BBC-ն։ Եթե 20 տարի առաջ Թուրքիան աճում էր հիմնականում արևմտյան ներդրումների հաշվին, այժմ Էրդողանը կախված չէ միայն Արևմուտքից։ Այս տարվա «վճռական» ընտրություններից առաջ, օրինակ, նրան հաջողվել է ապահովել Միջին Արևելքից և Ռուսաստանից կապիտալի ներհոսք, ինչը թույլ է տվել խուսափել հերթական դևալվացիայից և մեղմել գնաճը։ BBC-ին հիշեցնում է, օրինակ, Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կնքված գործարքի մասին, որով Անկարան հնարավորություն ստացավ մոտ մեկ տարով երկարաձգել ռուսական էներգակիրների դիմաց վճարի ժամկետները։ 4․ անջատ հասարակությունից դեպի պառակտված հասարակություն Էրդողանի քաղաքականությունը միավորել է նրա համակիրներին, բայց ոչ Թուրքիայի ժողովրդին։ Այնտեղ, որտեղ 20 տարի առաջ բազմաձայն և անջատ հասարակություն էր, այսօր հստակ բևեռացում է՝ նրանք, ովքեր աջակցում են Էրդողանին, և նրանք, ովքեր կտրականապես դեմ են նրան։ Գնալով Էրդողանի կուսակցությունը մերձանում է արմատական իսլամիստների և ծայրահեղ ազգայնականների հետ։ Մնացած բոլորը՝ քրդերը, ալևիները, աշխարհիկ պետության կողմնակիցները, լիբերալները, ձախերը և այլն, Էրդողանի համար ներքին թշնամիներ են։ Նրա կտրուկ քաղաքականությունը և մշակութային նոր պատերազմներ բորբոքելու պատրաստակամությունը վանել է նաև նրա նախկին համակիրների մի մասին՝ ավելի չափավոր պահպանողականներին։ Երբ բևեռացումը սրվեց, Էրդողանը անցավ զանգվածային ռեպրեսիաների։ Առաջին ալիքը 2000-ականների վերջում էր, երկրորդն ու ամենախոշորը՝ 2016-ի այսպես կոչված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Տասնյակ հազարավոր մարդիկ՝ աշխատավորներ, դասախոսներ, արվեստագետներ, հետազոտողներ, լրագրողներ, սուբկուլտուրային երիտասարդներ, ուսանողներ հայտնվեցին բանտերում՝ ահաբեկչության կամ «գյուլենիզմի» մեղադրանքներով։ Իշխանությունը վերջնականապես կենտրոնացավ Էրդողանի անձի և պաշտոնի շուրջ։ 2016-ից հետո Էրդողանը որոշում է պետության ողջ քաղաքականությունը՝ պատերազմի և խաղաղության հարցերից սկսած, հեռուստատեսային սերիալների բովանդակությամբ ավարտած։ Նրա աջակիցներին դուր է գալիս երկաթյա բռունցքն և ուղղահայաց իշխանությունը, որը մեկնաբանվում է որպես կայունության և հզորության հիմք։ Էրդողանի ընդդիմախոսները հակադարձում են՝ Թուրքիան վերածվել է նախագահի բարեկամական բիզնեսի, որը անընդհատ նոր տարածքներ է գրավում և ոչնչացնում մրցակիցներին։ Պետական ինստիտուտները ենթարկվում են մեկ անձի, որը ամեն ինչից չէ բավականաչափ լավ գլուխ հանում և որի գլոբալ ամբիցիաները միշտ չէ, որ համընկնում են սովորական մարդկանց կենսական շահերի հետ։ 5․ կրոնապետություն Էրդողանի 20-ամյա իշխանության տարիների ընթացքում աթաթուրքիստական, աշխարհիկ Թուրքիան նաև ընդգծված կրոնականացել է։ Հանրակրթական հաստատություններում և աշխատանքի վայրում հիջաբ կրելու արգելքը վաղուց հանվել է, Աթաթուրքի որոշումները՝ չեղարկվել, Այա Սոֆիայի թանգարանը վերածվել է մզկիթի, պետական չինովնիկները գնալով ավելի հաճախ են հղվում կրոնական ավանդույթներին, պետությունն ու կրոնը խառնակելու տաբուն ըստ էության այլևս վերացված է։ Էրդողանյան «ավանդական արժեքները» պետական քաղաքականության մաս են դարձել։ Եթե սկզբում վարչապետ Էրդողանը քննադատում էր ֆեմինիստներին, հետագայում նախագահ Էրդողանը առաջարկում էր, օրինակ, քրեական պատասխանատվություն սահմանել ամուսնական անհավատարմության համար։ Փորձագետները նկատում են՝ Էրդողանի օրոք տեղի ունեցած փոփոխություններից շատերը, անկախ ամեն ինչից, արդեն արմատացած են և անշրջելի, համենայն դեպս՝ մոտ ապագայում։ Նույնիսկ եթե նա չվերընտրվի, շատ բաներ մնալու են անփոփոխ՝ արդեն իներցիայի կամ ինստիտուցիայի ուժով։ Քըլըչդարօղլուի այլընտրանքը․ մեկնաբանություն «Պոստուպ Աստրեի» օգտատիրոջ գրառումը․ — Պետք է նշել, որ ընդդիմության ընտրությունը՝ Քըլըչդարօղլուն, բոլոր «բայցերով» հանդերձ, բավականին շահեկան է։ Քըլըչդարօղլուն խորհրդանշում է առնվազն 10-ականներին, ինքներդ գիտեք՝ ում կողմից, պառակտված Թուրքիայի միավորումը։ լուսանկարը՝ Իվ Հըրմանի, Reuters Նախ՝ նա հավատացյալ է, ընդ որում՝ ալևի (Alevism, Aleviler): Չշփոթե՛լ արաբական ալավիների (Alawism, ʿAlawīyah) հետ։ Ալևիզմը ալբանական բեքթաշներին հարազատ հոսք է իսլամի մեջ (ի դեպ՝ ինչպես և բեքթաշների դեպքում, ալևիների մոտ ալկոհոլի օգտագործումն արգելված չէ)։ Եվ նրա ալևիզմը նրան դարձնում եթե ոչ յուրային, ապա առնվազն ոչ վտանգավոր քեմալական՝ պահպանողական թուրք հանաֆիականների կամ շիա քրդերի աչքերում (և պետք չէ մոռանալ, որ քուրդ իսլամիստներից որոշները աջակցում են Էրդողանին)։ Նրանից չեն սպասում իսլամի նկատմամբ հետապնդումների քեմալական պրակտիկաների վերաակտուալիզացում։ Ալևիզմը ավտոմատ հարգանք է վայելում նաև աշխարհիկ թուրք ձախերի շրջանում, քանի որ էգալիտարիզմը նրանց համար սուրբ մի սկզբունք է, իսկ աշխատավորները/բանվորները՝ հասարակական կազմակերպման կորիզ։ Իզուր չէ, որ ձախերը, այդ թվում՝ կոմունիստները, որոնք իշխանության են եկել որոշ շրջաններում, անմիջապես ողջունեցին նրա թեկնածությունը, ավելի ուշ միացավ նաև HDP-ն և որոշ այլ ձախական կազմակերպություններ/կուսակցություններ․ պայմանական Մանսուր Յավաշի (Անկարայի քաղաքապետն է) դեպքում, որը դուրս է եկել աջ քեմալականների ծոցից, այսպիսի արդյունք հաստատ չէր լինի։ HDP-ի ներկայացուցիչները, ներառյալ՝ Միթհաթ Սանջարը (քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ազիզ Սանջարի ազգականն է), արդեն իսկ կոչ են արել իրենց աջակիցներին քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը ալևիզմը շահավետորեն տարբերակում է նաև աբրահամյան բոլոր կրոններից։ Այս հավատքը խնդիր չէ նաև հենց քեմալականների համար։ Նույն Աթաթուրքը, երբ ճնշում էր իսլամիստներին, ի թիվս այլոց հենվում էր նաև ալևիների վրա, որոնք աջակցում էին շարիաթի վերացմանը, հասարակության աշխարհիկացմանը, կրոնի և պետության, կրոնի և կրթական համակարգի տարանջատմանը և այլն։ Մյուս կողմից, ընդդիմադիր դաշինքի խայտաբղետ կազմը (չմոռանանք, որ այնտեղ միայն ձախ քեմալականներ չեն, այլ նաև աջեր, այդ թվում՝ «եկաթե տիկին» Աքշեները և Էրդողանի նախկին գործընկեր Դավութօղլուն՝ «նեոօսմանիզմի» կենցեպտի հեղինակը, որին նախկին կոլեգաները հիշում են 2015-ի նոյեմբերին ռուսական СУ-24 խոցելու հրամանի կոնտեքստում) կարող է ստաբիլիզացվել հենց Էրդողանի կողմից կառուցված սուպերնախագահական կառավարման մոդելի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանի հեռացումը կարող է չհանգեցնել ճգնաժամի (չնայած՝ պետք չէ մոռանալ, որ Էրդողանի լայն աջակցությունը նկարովի չէ, այլ լուրջ գործոն թուրքական իրականությունում)։ Երկրորդը՝ ես խիստ կասկածում եմ, որ նոր կառավարությունը իրոք համարձակվի հետապնդել իսլամիստական վերնախավին, այդ թվում՝ հենց Էրդողանին։ Հարկավոր է հաշվի առնել, որ նույն Սելջուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսան) Բայրաքթար է դարձել ոչ թե Էրդողանի հետ բարեկամական կապերի շնորհիվ, այլ հակառակը։ Քըլըչդարօղլուն արդեն իսկ մի քանի պարզ հայտարարություններով հասկացնել է տվել, որ ոչ ոք չի պատրաստվում կպնել խելացի մարդկանց, որոնք Թուրքիայի համար շատ բան են արել (նկատի ունենալով հենց Բայրաքթարների ընտանիքին)։ Միևնույն ժամանակ՝ Քըլըչդարօղլուն հանրահավաքներից մեկի ժամանակ (Սաքարյայում) արդեն իսկ խոստացել է, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո օրենսդրական դեկրետների զոհը դարձած մարդկանց «սպասում են լուսավոր օրեր»։ Թե որքան մասշտաբային է լինելու ձերբակալված գեներալիտետի «ռեաբիլիտացիան» ենթադրյալ իշխանափոխությունից հետո՝ հետաքրքիր հարց է։ Ամեն դեպքում՝ Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը հույս է ներշնչում, որ Թուրքիայի դեմոկրատացումը, խորհրդարանական հանրապետության վերականգնումը իրականություն կդառնան։ Արտաքին քաղաքականության մեջ էական տեղաշարժերի հավանականությունը ես չէի կանխատեսի՝ առանց ԵՄ-ի հետ նոր առևտրի արդյունքները հաշվի առնելու։ Իսկ նման առևտուր հաստատ լինելու է։ Ինչ-որ մեկն ասում էր, որ խոշոր գերտերությունները բավականին անդյուրաշարժ են արտաքին քաղաքական առաջնահերթություններում, համենայն դեպս՝ կարճաժամկետ կտրվածքով։ Սա կիրառելի է նաև Թուրքիայի նկատմամբ։ Աֆրիկայի զավթողագործությունը և «նեոօսմանյան» իներցիան պահպանվելու են, չնայած դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի փափուկ տեսք կստանան և շատ հավանական է՝ կունենան հակաչինական երանգ, բայց այդ մասին՝ առանձին։