Երեկ Թուրքիայի Վան քաղաքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո բազմաթիվ տներ են փլուզվել և աղետի հետևանքով բազմաթիվ մարդիկ անօթևան են մնացել: Այսօր Թուրքիայի մի շարք քաղաքացիներ ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս նախաձեռնություններ են սկսել երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու նպատակով: Ընդամենը մի քանի ժամերի ընթացքում սոցիալական ցանցերում 7 տարբեր նախաձեռնություններ են ստեղծվել:
Մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրաված նախաձեռնություններից մեկը կոչվում է «EvimEvindir» («Իմ տունը քո տունն է») : Նախաձեռնությունը պատկանում է լրագրող Ահմեդ Թեզչանին, ով Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն էր թողել, համաձայն որի ինքը պատրաստ է երկրաշարժի հետևանքով անտուն մնացած ընտանիքի հյուրընկալել իր հարկի տակ:
«Ես պատրաստ եմ դուռս բացել Վանից եկած ընտանիքի համար: Հանրային կառույցները նույնպես պետք է նման բան կազմակերպեն»,-գրել էր լրագրողը:
Այս հաղորդագրությունից անմիջապես հետո նրան էին միացել ևս երկու լրագրող, և ընդամենը մի քանի ժամերի ընթացքում հազարավոր նամակներ են եկել նրա էլեկտրոնային հասցեին: Շուրջ 17,000 մարդ պատրաստակամություն է հայտնել աջակցել երկրաշարժից տուժածներին:
Նախաձեռնության հեղինակներն հասցրել են անգամ կայք բացել: Նրանք կոչ են անում իշխանական մարմիններինն նույնպես միանալ իրենց: Նշենք, որ Ստամբուլի նահանգապետն արդեն իսկ խոստացել է օգնել նախաձեռնությանը: