Home / Հայաստան / Չեն հայհոյում և հեռուստացույց չեն դիտում. թերթը պատմել է հայաստանցի մալականների մասին

Չեն հայհոյում և հեռուստացույց չեն դիտում. թերթը պատմել է հայաստանցի մալականների մասին

Բաց գույնի մազերով և կապուտաչյա, Հայաստանի սարերում նրանք, կարծես, այլմոլորակային լինեն: Շուրջ բոլորը` Վահագնի, Համզաչիման, Դեբետ և հանկարծ`Ֆիոլետովո: Այս գյուղում է եղել «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականի թղթակիցը, ով գյուղից ստացած իր տպավորություններով է կիսվել ընթերցողների հետ:

«Տանիքներին ոչ մի ալեհավաք չկա: Այստեղ հեռուստացույց չեն դիտում, թերթ չեն կարդում, օղի չեն քաշում, չեն ծխում և չեն հայհոյում: Արդեն շուրջ երկու դար Ֆիոլետովոյում ապրում են ռուս հնադավանները` մալականները: Նրանք հինկտակարանային անուններ ունեն: «Հոգու մեջ մտնելով»` աղոթքային էքստազի մեջ հայտնվելով, նրանք ցատկոտում են, հենց այդ պատճառով էլ նրանց նաև «ցատկոտողներ» են անվանում:

Հարևանները հարգում են նրանց աշխատասիրության և պաթոլոգիկ ազնվության համար: Հատուկ կերպով աղ դրած մալականական կաղամբը հայտնի է ոչ միայն Անդրկովկասում:

Ոլորանից անմիջապես հետո հայտնվում մալականների գյուղը: Կանգ ենք առնում մորուսավոր մի պապիկի մոտ: Սառույցի պես թափանցիկ նրա աչքերը կանչում են քեզ, չեն թողնում հեռանաս: Նա մայրուղու մոտ կարտոֆիլ է վաճառում:

Մեզ մոտ են շտապում նաև հարևան տաղավարների կանայք: Բոլորը մինչև պարանոցը ծածկող զգեստներով են:

Իրենց վրա զգալով օբյեկտիվի սառը հայացքը` անմիջապես դեմքերը ձեռքերով ծածկում են: Լուսանկարչական սարքը, ինչպես և ռադիոն ու հեռուստատեսությունը չարիք են: Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը, չեն հավատում «օրագրերին», սրբապատկերներին: Աղոթելիս չեն խաչակնքվում, և չեն ընդունում մկրտությունը:

Նրանց մալական են անվանել այն պատճառով, որ պասի ժամանակ ի տարբերություն այլ ուղղափառների, նրանք կաթնամթերքներ էին ուտում (ռուսերեն մոլոկո – կաթ բառից):

Գյուղում ընդամենը երկու փողոց կա, 380 տնտեսություն, 1,5 հազարից քիչ բնակչություն:

1840 թվականին 195 տղամարդիկ և 194 կանայք տեղափոխվել են այստեղ Տամբովի գուբերնիայից: Նրանք լքել են  իրենց բնակավայրը Նիկոլայ Առաջինի հրամանով: Միայն հոգու մեջ Աստծուն երկրպագող աղանդավորներին որոշեցին հեռացնել ուղղափառ աշխարհից:

Իշխանությունները կարծում էին, որ մալականները կտարրալուծվեն Անդրկովկասի բազմազգ  բնակչության մեջ, բայց հակառակը ստացվեց: Հոգևոր քրիստոնյաները միավորվեցին, հավատի շնորհիվ կարողացան օտար երկրում ոուսաստանյան անկյուն ստեղծել:

Տամբովի հարուստ սևահողերից հետո մալականներին անմշակ հող բաժին հասավ: Այգիներ մշակելու համար ստիպված էին պտղաբեր հողերը սայլերով բերել հարթավայրերից:

Հայերը, ի դեպ, նորեկներից ատաղձագործություն և դարբնություն են սովորել:

Գյուղի ավագը և միաժամանակ Ֆիոլետովոյի վարչակազմի ղեկավարը Ալեքսեյ Նովիկովն է: Մալականները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն: Ալեքսեյ Իլյիչը սափրված է և բավական ժամանակակից կոստյում ունի: Կարտոֆիլով և կաթով մայրուղու վրա կանգնած տեղաբնակները հասցրեցին շշնջալ. «Կռապաշտ, տանը սատանա`հեռուստացույց է պահում, իսկ աշխատավայրում`համակարգիչ»:

«Ես պատասխանատու եմ գյուղի համար, ես չեմ կարող առանց կապի և տեղեկատվության մնալ, – պաշտպանվում է գյուղի ավագը: Հենց դուրս եմ գալիս տանից, ամբողջ գյուղն ինձ է դիմում. «Ի՞նչ նորություն կա աշխարհում»»:

Ալեքսեյ Իլյիչը, մալականների կարծիքով, նաև «շնացած է»: Ընտանիքներն այստեղ ավանդաբար ամուր են, իսկ նա բաժանվել է և նորից է ամուսնացել: Երկրորդ անգամ ամուսանցել է եկվոր մալական կնոջ` Սառա Աբրամովնայի հետ, ով Մորդովիայից է:

 

Ֆիոլետովոյի բնակիչների խոսքով, իրական իշխանությունը գյուղում պատկանում է հովիվ Նիկոլայ Սուկովիցինին: Բոլոր գործերը` ընտանեկան, աշխատանքային, համայնքային, իրականացվում են միայն համայնքի 86-ամյա ղեկավարի հավանությամբ:

Գյուղի գոյության ողջ ընթացքում մալականներն ընդամենը 10 անգամ են ամուսնացել հայերի հետ: Մինչև ղարաբաղյան հակամարտությունը երեք ամուսնություն է եղել ադրբեջանցիների հետ: Բայց շատ քիչ դեպքերում են այդ ամուսնությունները հաջողված եղել: Շատերը ամուսնալուծվել են. տղամարդիկ հետագայում մալական կնոջ հետ են ամուսնացել, իսկ կանայք մնացել են երեխայի հետ: Հաջողված ամուսնությունները շատ հազվադեպ են:

Տեղի իշխանությունները միշտ լավ են վերաբերվել մալականներին: Երկու ռուսական գյուղերի` Լերմոնտովայի և Ֆիոլետովոյի միջև անգամ կեչիների անտառ են տնկել, որպեսզի այն հիշեցնի մարդկանց իրենց պատմական հայրենիքի մասին: Ֆիոլետովոյում գազ են անցկացրել: Գյուղում գործում է հանրապետությունում միակ ռուսական պետական դպրոցը: Ռուսաստանի դեսպանատունը ռուսաստանյան դասագրքեր է մատակարարում, իսկ դպրոցն ավարտելուց հետո երեխաները կարող են ընդունվել Ռուս-հայկական համալսարան ընդամենը 8 բալ ստանալով:

Հետաքրքրական է, որ գրական ռուսերեն են երեխաներին սովորեցնում հայ ուսուցիչները, որոնք դպրոց են գալիս հարևան Վանաձորից:

Մինչև վերջերս մալականները չեն ձգտել բարձրագույն կրթություն ստանալ:

«Բարձր դասարանները միշտ շատ քիչ են եղել, – պատմում է գյուղի հնաբնակներից Իվան Իպատյեվիչը: – Յուրաքանչյուրն իր աղջկան ցանկանում էր շուկա տեղավորել թթու կաղամբ ծախելու: Իսկ որ սովորի՞, ինչո՞ւ, հետո կարող է նաև աշխարհ գնա: Փոքր հասակից մեր բոլոր երեխաները օգնում են ծնողներին: Իսկ դպրոց են գնում հանգստանալու: Ցանքի շրջանում դասի ընդհանրապես չեն գալիս»:

Գյուղի դպրոցում հայրերեն սովորում են, խոսակցական հայերենը հասկանում են, բայց խոսում են դժվարությամբ: Գյուղապետարանում թղթաբանության պատասխանատուն է քարտուղար Արարատ Աբրահամյանը հարևան գյուղից:

Գյուղի բնակիչների ուղիղ կեսը հիմա արտագնա աշխատանքով է զբաղվում: Երևանում տղամարդիկ տներ են վերանորոգում, իսկ կանայք մաքրում բնակարանները: Շատ մալականներ աշխատում են գազատար խողովակների կառուցման վրա Տյումենում և Սուրգուտում: Մալականներին հաճույքով վարձում են զոդողների բրիգադներում, որտեղ անհրաժեշտ են վստահելի, չխմող աշխատողներ:

Ստավրոպոլի և Կրասնոդարի մալականական համայնքներ ապրելու մեկնող երիտասարդներին մեղադրում են ողջ գյուղով, քանի որ, ըստ նրանց, «նախնիների հետքերն են ոտնահարում»:

«Մեր տղաներին առաջարկում են ծառայել ռուսաստանյան սահմանապահ զորքերում: Իսկ մեր տղաները, ընդհակառակը, ձգտում են հայկական բանակ գնալ: Ծառայում են և տուն վերադառնում հայերենի մաքուր իմացությամբ», – ասում է Իվան Սեմյոնովը: Մալականներն այս լեռնային երկիրն իրենց հայրենիքն են համարում:

 

Ֆիոլետովոյի բնակիչների մի մասը թոշակ չի վերցնում: Հավատը թույլ չի տալիս, քանի որ այդ փողերը սեփական քրտինքով չեն աշխատել:

Շատ մալականներ այժմ օգնության կարիք ունեն, սակայն երբեք որևէ մեկից որևէ բան չեն խնդրի: Նրանք հրաժարվում են արտասահմանյան տուրիստական խմբեր ընդունել, քանի որ չեն ցանկանում որպեսզի իրենց փողի դիմաց «ուսումնասիրեն»:

«Մարդու վրա երեք անգամ պետք է նայել, երբ նա ծնվում է, երբ ամուսնանում է և երբ մահանում է», – եզրափակում է մալական Եվդոկիան: