«Որքան էլ որ կարևորեմ հանրային վայրերում պետական պաշտոնյայի սթափ և առաքինի վարքագիծը և ամենևին չշրջանցելով այդ համատեքստում ՀՀ վարչապետի պահվածքը երեկվա միջոցառման ժամանակ, առավել քան մերժելի, դատապարտելի, օրենքով հետապնդելի եմ համարում նրա և իր կուսակիցների կողմից երիտասարդների օրը ՀՀԿ քարոզչությանը ծառայեցնելը, պետական բյուջեի միջոցները կուսակցական նպատակներով ծախսելը», – անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա Մարզահամերգային համալիրում հնչած ելույթին` այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Նա նշել է, որ եթե միջոցառմանը ներկա երիտասարդները ցանկանում են ավելի լավ ապագա ունենալ, պետք է այդ քարոզչությունից հետո լքեին դահլիճը և «կուսակցական ֆունկցիոներիներին թողնեին միայնակ` Թաթայի երգի տակ շվարած»:
«Այդ կերպ պետք է ցույց տային, որ մերժում են Հայաստանի կուսակցապետական ապագան: Զավեշտալի է, որ վարչապետն այդ ամենը անում է Բրյուսելում եվրոպացիների աչքին թոզ փչելուց հետո` ճռճռան խոստումներ տալով, թե առաջիկա ընտրությունները աննախադեպ են լինելու վերջին 20 տարվա մեջ, լինելու են հավասար, մրցակցային, ազատ եւ արդար… Սա՞ է հավասարությունը, օրինավորությունը, պարոն վարչապետ», – հռետորական հարց է բարձրացնում Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի երեկվա ելույթը քննարկման առարկա է դարձել մամուլում և սոցիալական ցանցերում: Օգտատերերը նշում են, որ ելույթի ժամանակ Տիգրան Սարգսյանը հարբած է եղել: