«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը բազմաթիվ նամակներ է ստանում հանրապետության տարբեր զորամասերում գտնվող զինվորների ծնողներից, որոնք դժգոհում են զինվորներին տրվող վատ սննդից:
Այս կապակցությամբ «ՉԻ»-ն փորձել է պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանից ճշտել` արդյոք ավելացել են Պաշտպանության նախարարությանը հատկացված գումարները, և եթե`այո, ապա արդյոք դրանք կուղղորդվեն զինվորների սննդակարգի բարելավմանը:
Հրայր Կարապետյանը հաստատել է, որ իրոք Պաշտպանության նախարարությանը տրված գումարներն ավելացել են:
Բյուջեն դեռևս քննարկման փուլում է, իսկ մեր հանձնաժողովն առաջարկներ է ներկայացրել, որպեսզի մի քանի հոդվածներում ավելացման առումով փոփոխություններ լինեն: Մասնավորապես, մենք առաջարկել ենք 10 տոկոսով ավելացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը և բնակֆոնդը կես միլիարդից դարձնել 3 միլիարդ`ինչպես նախանցյալ տարվա չափն էր: Ինչ վերաբերում է զինվորներին հատկացվող սննդին, պետք է ասեմ, որ այդպիսի տեղեկություններ չունեմ: Ընդհակառակը, երբ որ մենք ստուգայցեր ենք կատարում , կատարում ենք հանկարծակի, առանց զգուշացնելու, և ի տարբերություն նախորդ տարիների սննդակարգի`դրական առումով փոփոխություններ կան», – նշել է Կարապետյանը: