Home / Հայաստան / Մոսկվայում պայթած ռեստորանի սեփականատեր Գրիգորյանը պատմել է` ինչպես են իրեն «գցել» իր հայ «ընկերները»

Մոսկվայում պայթած ռեստորանի սեփականատեր Գրիգորյանը պատմել է` ինչպես են իրեն «գցել» իր հայ «ընկերները»

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավարևմտյան հատվածում տեղակայված իտալական II Pittore ռեստորանը, որը պայթել էր հունվարի 9-ին, նախկինում պատկանել է հայազգի գործարար Ռաֆայել Գրիգորյանին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Ինքը` գործարարը, հայտարարել է, որ ռեստորանն իրենից խլել են: Նա նամակով դիմել էր երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ներքին գործերի նախարար Նուրգալիևին, գլխավոր դատախազ Չայկային` խնդրելով պատասխանատվության ենթարկել ռեյդերներին և իրավապահ մարմինների կոռումպացված աշխատակիցներին: Գրիգորյանի խոսքով` եթե նրա ձայնը լսելի դառնար, այդ ողբերգությունից, գուցե, հնարավոր լիներ խուսափել:

Նախկինում Հայաստանում շինանյութերի խոշոր տրեստ ղեկավարած 77-ամյա Գրիգորյանը պատմել է, որ 1998 թվականին սեփական ձեռքերով է կառուցել ռեստորանը: Նա մի քանի տարի առաջ հիմնել է «ԳՌՊ» ՍՊԸ-ն` ձեռնարկությունն անվանելով սեփական անվան և ազգանվան սկզբնատառերով: Կապիտալի 50% -ը պատկանել է իրեն, 50%-ը` իր որդի Ջոնին:

Երբ 1997 թվականին Գրիգորյանը ստացել է համապատասխան հողակտորը, սկսվել են ներքին գործարքները: «Իմ մոտ եկան երկու հայեր` Լևոն Փինաջյանն ու Սուրեն Մկրտչյանը, և իտալացի Ստեֆանո Ֆիդանցան` շենքն իրենց վարձակալության տալու առաջարակով: Ես չէի համաձայնվում: Այդ ժամանակ նա բերեց իր հորը` Մարտունին, որի հետ մենք մեկ բակում ենք մեծացել: Մի խոսքով` ինձ համոզեցին: Շենքը վարձակալության տրվեց որպես առևտրային տաղավար, վարձակալողները այնտեղ իտալական «Իլ Պիտորե» ռեստորանը բացեցին»:

Գրիգորյանի խոսքով` խնդիրները սկսվել են 2002 թվականին:

«Փինջայանը և Սուրեն Մկրտչյանը խնդրեցին ինձ թույլ տալ մտնել ընկերություն, որպեսզի միասին աշխատենք մեկ հաշվեկշռի տակ, և նրանց զիջել շենքի մեծ մասը: Այդ ամենի համար խոստանում էին վճարել 1,5 մլն դոլար կամ դուրս գալ ընկերությունից: Ես վստահում էի նրանց ինչպես ինքս ինձ: Փինաջյան ավագը կրկնում էր. «Ես քո երաշխիքն եմ»: Սուրեն Մկրտչյանի մասին գիտեի այն, որ նա Երևանից է, կրթություն չունի, երազում է հարուստ կին գտնել: Եվ գտավ: Ամուսնացավ մոսկվաբնակ կնոջ հետ, ով մեծ էր իրենից 20 տարով: Ռուս կինը նրան երկու որդի պարգևեց` Ֆելիքսին և Ֆիլիպին: Այնուհետև նրա կյանքում այլ կին էլ հայտնվեց»,- պատմել է Գևորգյանը:

Փինջայանն ու Մկրտչյանը համոզել են Գևորգյանին ու նրա որդուն ստորագրել համապատասխան փաստաթղթերը, ձևակերպել նրանց անդամակցումը «ԳՌՊ» ՍՊԸ-ին: Միաժամանակ, չեն վճարել անգամ զուտ ֆորմալ գումարը` ընկերության կանոնադրական կապիտալի ներդրումը 10 հազար ռուբլի է: Արդյունքում` նրանք դարձել են ՍՊԸ-ի 80%-ի սեփականատերեր:

«Իսկ խոստացված գումարներն այդպես էլ չկային ու չկային: Իսկ երկու տարի անց Մկրտչյանը լկտիաբար հայտարարեց ինձ «Բաժնետոմսերի հսկիչ փաթեթը մերն է: Իսկ դո՞ւ ով ես»: Եվ այստեղ ի՞նչ կարող ես անել»,- պատմել է Գրիգորյանը:

Ավելի ուշ նրան սկսել են սպառնալ, իսկ 2005 թվականին Սուրեն Մկրտչյանը հենց ռեստորանում ծեծի է ենթարկել Գևորգյանին` խոհարարների և մատուցողների աչքի առջև: «Միաժամանակ նա գոռում էր «Մենք չենք գնում և չենք սակարկում: Մենք ուղղակի խլում ենք»»,-պարզաբանել է Գրիգորյանը:

Ավելի ուշ Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն վերջիններս չեն համաձայնել քրեական գործ հարուցել Մկրտչյանի դեմ: Արդյունքում` գրեթե փաստացիորեն օրինականացվել է Մկրտչյանի հակաօրինական գործողությունները:

Հարկ է նշել, որ պայթյունի օրը Սուրեն Մկրտչյանի հետ ռեստորանում է եղել նրա որդին: Նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Աստված ամեն ինչ տեսնում է»,- այս լուրին այսպես է արձագանքել Ռաֆայել Գրիգորյանը: