Home / Հայաստան / Կիմ Չեն Նամ. «Չեմ հավատում, որ եղբայրս կարողանա պահպանել իշխանությունը»

Կիմ Չեն Նամ. «Չեմ հավատում, որ եղբայրս կարողանա պահպանել իշխանությունը»

Դեկտեմբերի 17-ին մահացած հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրի ավագ որդին`Կիմ Չեն Նամը կասկածներ ունի առ այն, որ իր եղբայրը կկարողանա պահպանել իշխանությունը, գրում է kp.ru:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի որդին նամակ է ուղարկել ճապոնական «Tokyo Shimbun» պարբերականին, որում կասկած է հայտնել, որ «երիտասարդ ժառանգորդը, ում որպես հետնորդ պատրաստում էին ընդամենը երկու տարի, կկարողանա 37 տարի երկրում անսահմանափակ իշխանություն պահպանել, ինչպես նրա հայրը և ԿԺԴՀ-ի նախկին առաջնորդը»:

«Ես ակնկալում եմ, որ իշխող վերնախավը կշարունակի իմ հոր ուղին` պահպանելով երիտասարդ հետնորդին որպես խորհրդանշական կերպար»,-Կիմ Չեն Նամի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը հայտնի էր դարձել նրանով, որ 2001 թ.-ին ցանկացել էր գաղտնի կերպով և կեղծ անձնագրով Ճապոնիա գնալ տեսնելու համար «Դիսնեյլենդը»: Ըստ լուրերի` այս հանգամանքը, ինչպես նաև արևմտյան մշակույթով չափից շատ տարվածության փաստը ստիպել էին Կիմ Չեն Իրին չվստահել ավագ որդուն և որպես իր հետնորդ ճանաչել կրտսերին`Կիմ Չեն Ինին: