ՌԴ նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներ Դմիտրի Մեզենցևը և Գրիգորի Յավլինսկին մարտի 4-ին չեն մասնակցի նախագահական ընտրություններին, վստահեցնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուսի փաստաթղթերում էլ չափից շատ կեղծ ստորագրություններ է հայտնաբերել, և այժմ քաղաքական գործիչները դուրս կմղվեն նախընտրական մրցարշավից: Եթե Յավլինսկին և Մեզենցևը իսկապես պատրաստվում են հանել իրենց թեկնածությունները, ապա դա, ըստ ամենայնի, Պուտինի համար առաջին իսկ փուլում հաղթանակ ապահովելու նպատակ ունի, բացատրում են քաղաքական գործիչները:
«ՌԴ նախագահի ընտրությունների մասին» օրենքի համաձայն` թեկնածուն պետք է ԿԸՀ-ին իր օգտին քվեարկելու պատրաստ առնվազն երկու միլիոն ստորագրություն ներկայացնի, բայց և ոչ ավելի քան 2,1 միլիոն: Ընտրական հանձնաժողովի մասնագետները ստուգում են ներկայացված փաստաթղթերի 20 %-ը, և եթե ստորագրահավաքի մասնակիցների ցուցակների կեղծ ստորագրությունները չեն գերազանցում ընդհանուր թվի 5%-ը, թեկնածուին թույլ են տալիս մասնակցել ընտրություններին:
Ստորագրահավաքի փաստաթղթերի ստուգմամբ զբաղվող մասնագետների խումբը ավարտել է աշխատանքը, և դրանց արդյունքները այնքան էլ սփոփիչ չեն Իրկուտսկի նահանգապետ Մեզենցևի և «Յաբլոկոյի» առաջնորդ Յավլինսկու համար, գրում է «Կոմերսանտը»:
Միլիարդատեր Պրոխորովի բախտը բերել է. նրա փաստաթղթերում խոտանը չի գերազանցել անհրաժեշտ ցուցանիշը, և շուտով նա կգրանցվի որպես թեկնածու:
«Մենք ԿԸՀ-ից նույնպես լսել ենք ստորագրությունների որակի մասին,-պարբերականի հետ զրույցում հաստատել է Պրոխորովի ներկայացուցիչը: – Բայց մենք վստահ էինք մեր ստորագրությունների որակի մեջ հենց սկզբից, որովհետև դրանք կրկնակի ստուգում են անցել ԿԸՀ ներկայացվելուց առաջ: