«WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքներն ամփոփվել են:
Մասնագիտական ժյուրիի (Արա Խանջյան, կինոգետ Սիրանույշ Գալստյան, լրագրողներ` Գոհար Հակոբյան, Կարինե Ռաֆայելյան: Ժյուրիի նախագահ՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյան) որոշմամբ մրցանակների են արժանացել հետևյալ ֆիլմերը. գլխավոր մրցանակը (1000 դոլարին համարժեք դրամ) նվաճեց «Աշնան արև» ֆիլմը (ռեժ. Դիանա Կարդումյան): Հատուկ մրցանակը (500 դոլարին համարժեք դրամ) տրվեց «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմին (ռեժ. Արսեն Այրապետյան): Խրախուսական մրցանակներ են ստացել «Թեթև հպում» (ռեժ. Նարե Մկրտչյան), «Նախշոյի դպրոցը» (ռեժ. Գոհար Խաչատրյան), «Էն ուրիշ Ֆրունզիկը» (ռեժ. Հովհաննես Պապիկյան), «Օգնիր նրանց հիմա» (ռեժ. ԱրտՆերսես), «Bye-Bye» (ռեժ. Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան) ֆիլմերին:
«WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնը մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 15-ին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: Փառատոնի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է տարբեր ժանրերի 49 ֆիլմ: Ավելի քան մեկ ամսում, ներկայացված ֆիլմերը դիտել են 42.032 անգամ:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու հնարավորություն էր տրված Հայաստանում և արտերկրում ապրող հայ կինոռեժիսորների: Մրցույթին կարող էին ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային սահմանափակումների, ցանկացած տեխնիկական միջոցով նկարահանված ֆիլմեր: