Home / Հայաստան / Ցմահ դատապարտյալը նախարարին գրել է անմարդկային խոշտանգումների մասին

Ցմահ դատապարտյալը նախարարին գրել է անմարդկային խոշտանգումների մասին

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը այսօր նամակ է գրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։ «Դրոյի գործով» դատապարտյալ Արմենակ Մնջոյանը իր նամակում ասում է, որ այլևս չի կարողանում հանդուրժել «Նուբարաշեն» ՔՀԿ-ում իր նկատմամբ կատարվող վերաբերմունքը և անմարդկային խոշտանգումները:

«Իմ նկատմամբ  կատարվող գործողությունները արգելված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Հորդորում եմ, որ ՀՀ տարածքում գործող բոլոր ՔԿՀ-ներում իրենց ծառայողական պարտքը կիսաքաղց վիճակում կատարող սպաների սոցիալական զամբյուղը հասցնել պատշաճ մակարդակի և ապա չփորձել նվաստացնել նրանց սպայական արժանապատվությունն ու խաթարել սպա-դատապարտյալ կանոնակարգային փախըմբռնման հարաբերությունները»,- նշված է նամակում:

Մնջոյանը նաև հայտարարում է, որ առայժմ եռօրյա հացադուլի է նստում:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս պահին Արմենակ Մնջոյանին հարցաքննում են Արդարադատության նախարարության աշխատակիցները` պարզելու համար, թե ինչն է նրա անհանգստության և սույն միջոցին դիմելու պատճառը: Գոռ Ղլեչյանը հայտնել է նաև, որ նախարարը դեռ չի արձագանքել դատապարտյալի նամակին,  որ այս գործով մանրամասները ճշտման փուլում են և դրանք կհրապարակվեն նախարարության կայքէջում: