Ամերիկյան Զինված ուժերի 24-ամյա նախկին զինվոր Բրեդլի Մենինգը, ում ցմահ ազատազրկում է սպառնում Wikileaks-ի գաղտնազերծումների համար, ներկայացվել է Նոբելյան խաղաղության մրցանակի, հայտնում է gazeta.ru-ն:
Մենինգը մեղադրվում է ամերիկյան դիվանագետների նամակգրությունը Wikileaks-ին փոխանցելու մեջ: Իսլանդական խորհրդարանի մի քանի պատգամավորներ նամակով դիմել են Նոբելյան հանձնաժողովին Մենինգին մրցանակի ներկայացնելու խնդրանքով: Այս մասին իր բլոգում գրել է պատգամավոր Բիրգիտա Յոնսդոտիրը:
«Փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության արտահոսքը մերկացրել է ԱՄՆ-ի բազմամյա կաշառակերությունն ու ռազմական հանցագործությունները: Այն հանգեցրեց աղջ աշխարհում ժողովրդավարական ապստամբությունների ծավալմանը, լույս սփռեց ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ կորպորատիվ ազդեցության հանգամանքի վրա և ազդեց Իրաքից ամերիկյան զորքերին դուրս բերելու մասին Օբամայի վարչակազմի որոշման վրա»,-պարզաբանում է պատգամավորը:
Ներկայումս Մենինգը մենախցում է: ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում են նրա նկատմամբ մշտապես գործադրվող հոգեբանական ճնշումների և ստորացումների մասին: Նախորդ տարի ԱՄՆ-ի ավելի քան 250 մշակութային գործիչներ նամակ են գրել` ի պաշտպանություն Մենինգի:
Զինվորին դատելու է ռազմական տրիբունալը: Նախորդ շաբաթվա վերջում հայտարարվել էր, որ Մենինգին ցմահ ազատազրկում է սպառնում: