Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը:
Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի կայքը, ըստ ծրագրի նախագծի, Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ ծառաշարերով և կանաչ սիզամարգերով (նկարում): Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում:
Քաղաքապետարանը նշում է, որ այս օրերին Մաշտոցի այգում ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին:
«Ավելին` տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը», – նշում է Երևանի քաղաքապետարանը: