Ազատության հրապարակում այսօր անցկացված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից հետո մեկնարկեց ընդդիմության կողմնակիցների երթը, որը գլխավորում էր ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Երթի մասնակիցները քայլելու ընթացքում վանկարկում էին «Պայքար, պայքար մինչև վերջ», «Սերժիկ, մարդասպան», «Ամոթ մարտի 1-ի ոճրագործներին»:
Նրանք անցան Մաշտոցի պողոտայով, իսկ հասնելով Գրիգոր Լուսավորիչ փողոց, բռունցնքերը վեր պարզեցին և լուռ քայլելով հասան Մյասնիկյանի արձան, որտեղ 4 տարի առաջ հավաքվել էին 2008 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհող քաղաքացիները, որոնց ցույցը մարտի 1-ի առավոտյան ցրել էին իրավապահ մարմինները:
Մյասնիկյանի արձանի մոտ դրված էին մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների նկարները, որոնց մոտ մոմեր էին վառվում:
Երթի մասնակիցները Կոնգրեսի ղեկավարության հետ միասին ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին արձանի պատվանդանին: