հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սերժը ի՞նչ կապ ունի». Երգչուհին բանակում սպանությունները կապում է զինվորների «դատարկ ուղեղների» հետ

«Սերժը ի՞նչ կապ ունի». Երգչուհին բանակում սպանությունները կապում է զինվորների «դատարկ ուղեղների» հետ

Արձագանքելով երեկ Պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությանը, որ փետրվարի 23-ին շփման գծում սպանված Ալբերտ Ադիբեկյանին գնդակահարել է ոչ թե ադրբեջանցի դիպուկահարը, այլ ծառայակից Իգնատ Ենգիբարյանը` «Հայկական ժամանակ» օրաթերթը հետաքրքրվել է Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանից, թե արդյոք նոր հանգամանքները կփոխե՞ն իր վերաբերմունքը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի նկատմամբ: Հիշեցնենք, որ երգիչների մի խումբ Ադիբեկյանի մահից հետո հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է մասնակցի «Եվրատեսիլին» մի երկրում, որը հայ զինվոր է սպանում:

«Ձեզնից եմ առաջին անգամ լսում դա։ Դա խայտառակություն է, ավելի խայտառակություն է։ Ես ավելի եմ զայրանում, որ հայի կողմից է եղել դա։ Ինձ համար ավելի մեծ ցավ է դա», – ասել է Գրիգորյանը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ միայն զինծառայողի մահը չէր, որ պատճառ էր դարձել «Եվրատեսիլը» բոյկոտելու համար. «Այդ էրեխու մահը մի փոքր մասն էր։ Ես միշտ եմ ասել, որ չի կարելի այնտեղ ունենալ բանտարկյալ զինվորներ, հայ զինվորներ ու գնալ այնտեղ երգել»:

Թերթը նաև հարց է ուղղել Գրիգորյանին, թե արդյոք հայ զինծառայողի մահվան նոր հանգամանքները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ ինքը և «Եվրատեսիլը» բոյկոտած անձինք հայաստանյան միջոցառումներ բոյկոտեն։

«Կարևորը ո՞րն է։ Որ զինվորը մահացել է։ Զինվորի մահվան շուրջ ինձ բաներ եք հարցնում, որը ինձ համար կարևոր չէ։ էդ երեխան է մահացել։ Թող քննությունը գնա, ես իմանամ ճիշտը, հետո այդ հարցերին պատասխանեմ։ Ինձ համար գլխավորը զինվորի կյանքն է, որ չկա։ Շատ վատ է, որ այդ դեպքերը կրկնվում են։ Ես չեմ հասկանում, թե ինչ անեմ, որ չկրկնվի… Ինձ համար ցանկացած զինվորի մահ ողբերգություն է», – ասաց Արթուր Գրիգորյանը։

Երգչուհի Նունե Եսայանի խոսքով` եթե այդ դեպքը չլիներ էլ, էլի այդ հայտարարությունը կարվեր. «Դեպքերը տարիներ շարունակ են եղել են, ու այդ ամենը բոլորովին կապ չունի մեր հայտարարության հետ։ Տեքստի մեջ նշվել էր, որ այսօր նման բան էլ է լինում, բայց հենց կոնկրետ այդ դեպքի համար չեմ ստորագրել ես։ Կոնկրետ ես ստորագրել եմ, որ ի սկզբանե դեմ եմ եղել, մինչև հիմա էլ դեմ եմ։ Այսինքն, ես ընդհանրապես դեմ եմ, որ մեր ազգից որևէ մեկը ոտք դնի այդ հարևան պետություն։ Նույնիսկ սպորտսմեններն էլ չպետք է գնան, իմ կարծիքով»:

Նունե Եսայանից «ՀԺ»-ն նույնպես հետաքրքրվել է, թե արդյոք ինքը զինվորի սպանության պատճառով պատրաստվու՞մ է բոյկոտել հայկական միջոցառումները. «Այնքան տենց բաներ կան, որ պետք է բոյկոտել։ Մենակ էս դեպքը չի։ Ուղղակի չգիտեմ, թե մեր փոքրիկ խումբը ինչքանով կարա ինչ-որ բան փոխի, բայց՝ իհարկե, կարելի է և այդպիսի բան անել։ Ամեն ամիս նման դեպք է գրանցվում, ամեն ամիս ինչ-որ մարդիկ նկատողություն են ստանում, հեռացվում են, բայց այս դեպքերը էլի կան։ Դա շատ վատ է, շատ»։

«Հնարավո՞ր է, որ բոյկոտեք նախընտրական քարոզարշավը», – թերթի թղթակիցը հարց է ուղղել Եսայանին` պարզաբանելով, որ Սերժ Սարգսյանը համարվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, և նրա ղեկավարած բանակում է, որ զինծառայող հայը սպանում է հայ ծառայակցին։

«Բանակում այդ դեպքերը լինում են մեր երիտասարդների դատարկ ուղեղների պատճառներով։ Երբ մեկը մյուսին մայր է հայհոյում, Սերժը ի՞նչ կապ ունի։ Երբ որ այդ երեխաները էնքան դատարկ են ու չեն հասկանում, որ չի կարելի, որ մեկը մյուսի կյանքը խլի հայհոյելու համար։ Խոսում են, ասում են, որ գնում են հայրենիքի համար եւ այլն, բայց… մինչև գնալը, ինձ թվում է, պետք է հատուկ իրանց պատրաստել, որ նրանք այնքան հպարտ գնան ու իմանան, թե ինչի համար են գնում։ Ոչ թե գնան այնտեղ ու սկսեն ոազբորկաներ անել։ Ուղղակի գնում են։ Ինչի, ձեզ պարզ չի՞, որ 90 տոկոսը գնում է ուղղակի իրենց պարտքը կատարի, ու երկու տարին շուտ անցնի, ու գա տուն, այլ ոչ թե հատուկ հասկանում են, թե ուր են գնում։

Օրաթերթի թղթակցի այն դիտարկմանը, թե Եսայանը նման կերպ խոսում է այն մարդկանց մասին, ում իր երգերում մեծարում է, երգչուհին պատասխանել է.

«Հենց դա է։ Մենք գնում ենք, երգեր ենք գրում, մեծարում ենք, ոգևորում ենք, ոգեշնչում ենք, որ իրանք հասկանան, թե իրենք ինչ են անում այդտեղ, ոչ թե գնում եմ, որ հինգ րոպե երգ երգեմ, ինքը պարի, ուրախանա ու հետո ասի՝ վայ ինչ լավ էր, էս հինգ րոպեն լավ անցավ»: