Հայաստանյան «Արմավիա» ավիաընկերությունն այսօր անժամկետ գործադուլ է հայտարարել: Ինչպես ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «Արմավիան» դա պատճառաբանում է «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման գների բարձրացման հետ: Այսօր առավոտյան «Արմավիան» արդեն չի իրականացրել Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը:
«Արմավիայի» հայտարարության առնչությամբ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նշել է, որ ««Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է ընկերության կողմից տրամադրված հատուկ սակագներից»:
«Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում», – նշված է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հաղորդագրության մեջ: