Ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երևանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Այս մասին ասված է Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պատրաստվում են այսօր ժամը 13:00-ին սեփական ջանքերով ապամոնտաժել պուրակում տեղադրված տաղավարները, ինչի մասին նրանք նամակով տեղեկացրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով «աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»: Ոստիկանությունը, իր հերթին, կոչ է արել ակտիվիստներին «զերծ մնալ հակաիրավական գործողություններից»:
«Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջև անօրինական սեփականությունը պաշտպանելու համար և դրա բոլոր հետևանքները։ Հիշեցնում ենք, որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Մենք շարունակում ենք համարել որ, Մաշտոցի պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ Ուստի համոզված ենք, որ Երևանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է», – նշում են հայտարարության հեղինակները։
Նրանք ակնկալում են, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաև ավելի հիմնավոր փաստարկներ։