«Հայկական ժամանակ» օրաթերթը մի քնաի դրվագ է ներկայացրել ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երեկվա այցելությունից Արարատի մարզ:
Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, որն անազատության էր դատապարտվել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:
«Երբ զարմացած լրագրողները Սարգսյանին հարցրել են` Սերժ Սարգսյանի՞ն է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, նա հայտարարել է` ոչ Սերժին, ոչ Լևոնին, իր ավագ եղբոր ընկերներին է պաշտպանելու: Բայց սա միակ ուշագրավ բանը չի եղել Արարատի մարզում, այստեղ Սերժ Սարգսյանն ընտրողներին կոչ է արել քվեարկել մեծամասնականով թիվ 18-ում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ի դեպ, Արարատի մարզում Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի եղել: Վերջինս իր թոռների հետ կանգնած է եղել հրապարակում», – գրում է թերթը:
Նշենք, որ թիվ 18 ընտրատարածքում առաջադրված են ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը և անկուսակցական Ռազմիկ Թեվոնյանը:
Բացի դա, թերթը գրում է, որ համացանցում տարածված տեսագրություններից պարզ է դառնում, որ Արտաշատում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ միջադեպ է տեդի ունեցել: Մի կին ցանկացել է մոտենալ Սերժ Սարգսյանին` նրան նամակ հանձնելու ցանկությամբ, սակայն ոստիկաններն ամեն կերպ փակել են նրա ճանապարհը:
«Արդյունքում կինը աղմուկ է բարձրացրել, արտաշատցիներին կոչ է արել ստրկական վիճակից դուրս գալ և միանալ իրեն: Ի վերջո, կնոջը թույլատրել են Սերժ Սարզսյանի հետ հանդիպել: Կինը Սերժ Սարզսյանի հետ զրույցում ներկայացել է որպես ՀՀԿ հիմնադիր Աշոտ նավասարդյանի քույր: Կնոջ և Սերժ Սարզսյանի զրույցը, մեղմ ասած, չի ստացվել, ու վերջինս թիկնազորի ողեկցությամթ զայրացած հեռացել է», – նշում է «Հայկական ժամանակը»: