Այսօր ընտրությունների հանրային վերահսողության միասնական շտաբի երրորդ լիագումար նիստի ընթացքում կուսակցությունների կողմից ներկայացվել ու հաստատվել են հանրային վերահսկողության շտաբի անդամները: Հիշեցնենք, որ շտաբի մեջ են մտնում 4 քաղաքական ուժեր` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»:
ՀԱԿ-ը ներկայացրել է ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանին, ԲՀԿ-ն՝ Վահե էնֆիաջյանին, իսկ ՀՅԴ-ն շտաբում կներկայացնի Համլետ Աբրահամյանը, ով այսօրվա նիստին չի մասնակցել: ՀՅԴ-ն նշել է, որ Աբրահամյանի բացակայության դեպքում նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:
Նիստին ներկա չեն եղել նաև «Ժառանգության» կուսակցության անդամները, ինչի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը.
«Ես զրուցել եմ Խաչատուր Քոքոբելյանի (Ժառանգության ցուցակի 2-րդ համար) հետ, ով նշել էր, որ նման խնդիր չկա ու իրենք մասնակցելու են, պարզապես նրանք գտնում են, որ պետք է մասնակցեն կուսակցությունների ղեկավարները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը հայտարարել են, որ իրենք լիազորել են իրենց ներկայացուցիչներին, ուստի, ինձ թվում է, որ «Ժառանգությունը» պետք է բավարարվեր այսքանով: Այսօր մենք նիստ ենք հրավիրում, ինչո՞ւ պետք է նրանք չմասնակցեն», – ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ իրենք հարգում ենք «Ժառանգությանը» ու եթե այսօր դեռ չեն որոշել, թե ո՞ւմ են ներկայացնելու շտաբում իրենց կուսակցությունից, ապա ժամանակ ունեն մտածելու:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ միասնական շտաբի աշխատանքը, չնայած շրջանառվող լուրերին, իմիտացիոն բնույթ չի կրում:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» պահանջում է, որ շտաբի աշխատանքների մասին հայտարարության տակ լինեն բոլոր կուսակցությունների ղեկավարների ստորագրությունները:
ՀՅԴ խմբակցության ներկայացվուցիչ Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, որ «Ժառանգության» խնդիրն է ՝ ներկայանալ նիստին, թե ոչ:
«Ես գտնում եմ, որ չմասնակցելու որևէ տրամաբանական պատճառ չկա: Մեր շտաբը բաց է բոլորի համար», – ասել է Ռուստամյանը:
Նույն կարծիքն է հայտնել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս կուսակցությունը շարունակում է մնալ այս ձևաչափ լիիրավ անդամ և կարող է գալ ու մասնակցել ցանկացած նիստի, երբ նպատակահարմար կհամարի: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել թիվ 7 ընտրատարածքում մեր պատգամվորության թեկնածուների նկատմամբ կիրառված լուրջ բռնություններին, ապա խորհուրդ եմ տալիս շտաբի անունից հանդես գալ այս մասին հայտարարությամբ», – ընդգծել է Զուրաբյանը:
Չնայած դրան, Ռուբեն Հակոբյանն ավելի ուշ հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի մասնակցի շտաբի աշխատանքներին մինչև կուսակցության պահանջը չկատարվի: