Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի Արմավիրի մարզում կայացած հանդիպումների ժամանակ ոստիկանները տեսանկարահանում էին հավաքի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Կոնգրեսի ներկայացուցիչները այս մասին տեղյակ են պահել Արմավիր ժամանած ԵԱՀԿ դիտորդներին` դեպքը որակելով որպես մարդկանց վրա գործադրվող ճնշում:
Դիտորդները Արմավիրում կայացած հանդիպման ժամանակ կարճատև զրույց են ունեցել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
ՀԱԿ-ի այցի ընթացքում ևս մի խնդիր է ծագել` Մեծամորում նախօրոք ի գիտություն ընդունած հավաքի ժամանակ Կոնգրեսի հանդիպումն անցկացնելու համար հոսանք չեն տրամադրել:
Արմավիրի մարզում`Մեծամորում, Էջմիածնում և Արմավիրում կայացած հանդիպումների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները կրկին քննադատել են իշխող Հանրապետական կուսակցությունը և գործող իշխանություններին:
Էջմիածնի հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ ընդդիմադիր ուժն ունի մեկ թիրախ, մեկ քաղաքական հակառակորդ, որը չարիքի աղբյուրն է Հայաստանում:
«Այս իշխանությունը պատասխանատու է մարտի մեկի սպանությունների համար, եթե պատասխանատու չլիներ` զոհերի ծնողները մեր կողքին կանգնած չէին լինի: Մենք ասում ենք՝ կա մի հատ ուժ, քաղաքական դաշինք, կոչվում է Հայ Ազգային Կոնգրես, որը հայտ է ներկայացրել ժողովրդին: ՀԱԿ-ն ասում է` մենք գնում ենք իշխանափոխության, մենք այդպիսի իշխանություն չենք կարող հանդուրժել, մենք գալիս ենք մեր ծրագրերով և այլ քաղաքական ուժ, որը այդպիսի ծրագրով հայտ է ներկայացնում ժողովրդին՝ չկա», – ասել է Արամ Մանուկյանը:
Նշենք, որ այս մարզում Կոնգրեսը մեծամասնական ընտրակարգով առաջադրել է երեք թեկնածուների՝ թիվ 19 ընտրատարածքում Սարգիս Քոչարյանին, թիվ 20 ընտրատարածքում` Մերուժան Աբրահամյանին և 21-ում` Սեդրակ Հովհաննիսյանին: