«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը երեկ հայտարարել է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ԱԺ-ում մեծամասնություն կազմելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու երկու հրատապ հարցերի լուծման` վերականգնել տուժած ավանդատուների վնասները և վարկային ամնիստիա հայտարարել գյուղական տնտեսությունների համար:
Առաջին խնդրի առնչությամբ ՀԱԿ-ը հիշեցնում է, որ 2009թ. մարտի 3-ին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ միանգամից արժեզրկվեց մոտ 25%-ով։
«Այդ պահին ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպոզիտները կազմում էին 560 միլիարդ դրամ, որի 56,7%-ը հայկական դրամով։ Ընդամենը 1 օրվա ընթացքում ավանդատուները կորցրեցին 79,4 միլիարդ դրամ։ Առևտրային բանկերը ոչ մի կորուստ չունեցան, քանզի, իշխանությունների թողտվությամբ ու հավանությամբ, ավանդատուների կրած վնասից ոչինչ չփոխհատուցեցին։ Հայ Ազգային Կոնգրեսն անմիջապես ձեռնամուխ է լինելու 2009թ. մարտի սկզբին դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացման հետևանքով տուժած ավանդատուների խախտված իրավունքների ու կրած վնասների վերականգնմանը։ Նրանց ավանդները կավելացվեն 12,5%-ով՝ 2009թ. կորցրածի կիսով չափ», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Երկրորդ խնդրին անդրադառնալով` ՀԱԿ-ը նշում է, որ 2010թ. գյուղատնտեսության վիճակը ծայրահեղ վատացավ երաշտի ու դրա դեմ կառավարության անգործության հետևանքով։
«Տեղի ունեցավ գյուղատնտեսական մթերքների արտադրության կտրուկ անկում. ըստ պաշտոնական տվյալների` անկումը կազմեց 15, իսկ իրականում՝ 30%։ Իր կամքից անկախ ստեղծված աղետալի ֆորսմաժորային իրավիճակում գյուղացիներն ի վիճակի չեղան վերադարձնելու առեւտրային բանկերից ստրկական պայմաններով վերցրած վարկերը։ Կառավարությունն իրական օգնության փոխարեն բավարարվեց գյուղացիներին ընդամենը 10-20% զեղչ գներով մի քանի կիլոգրամ սերմացու, դիզվառելիք ու պարարտանյութ վաճառելով։ Վերցված վարկերը՝ բարձր տոկոսադրույքով հանդերձ, մնաց գյուղացու ուսերին։ Հայ Ազգային Կոնգրեսը խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում անմիջապես մինչև 10 հեկտար հող ունեցող գյուղացիական տնտեսությունների համար կիրականացնի վարկային ամնիստիա, վարկերի տոկոսադրույքները կզրոյացվեն՝ կեսը բյուջեի սուբսիդիաների, մյուս կեսը՝ գյուղատնտեսական վարկերի գծով բանկային տնտեսական նորմատիվների իջեցման հաշվին», – ընդգծում են հայտարարության հեղինակները։