Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը ցանկանում է սոցիալական ծառայության ինստիտուտ ներդնել

Տիգրան Սարգսյանը ցանկանում է սոցիալական ծառայության ինստիտուտ ներդնել

Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ: ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն է տվել Երևանում մեկնարկած «Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Սոցիալական ծառայողը պետք է կարողանա բացահայտել այդ ընտանիքին հուզող հիմնախնդիրները և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք նրա համար օգտակիր կլինեն: Հասկանալի է, որ այս որակական փոփոխությունը կարիք ունի մանրակրկիտ քննարկման: Այդ առումով, սոցիալական ոլորտում միջազգային փորձի փոխանակումը մեզ համար ունի առարկայական նշանակություն»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պետության կողմից սոցիալական ծառայությունների մատուցումը, որովհետև Հայաստանում այսօր առկա 120 հազար սոցիալապես խոցելի ընտանիքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:
«Այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացրել ենք մարզերում, ցույց են տալիս, որ եթե մենք ունենք գրագետ պատրաստված սոցիալական ծառայող, որը կարողանում է բացահայտել այդ ընտանիքի խնդիրները և առաջարկել լուծումներ, ապա պետության օժանադակությունը լինում է խիստ առարկայական և արդյունավետ»,- նշել է վարչապետը:

Այդ տեսակետից Տիգրան Սարգսյանը կարևորել է սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը և նշել, որ սոցիալական ծառայողների վերապատրաստման խնդիրները մոտակա տարիներին կառավարության համար լինելու է արդիական խնդիր:

Վարչապետի կարծիքով` սոցիալական անհավասարություն ծնող պատճառները բազմազան են, սակայն առաջին հերթին դա պայմանավորված է որակյալ կրթության անհասանելիությամբ և աշխատատեղերի բացակայությամբ:

«Պետության առաջնային խնդիրն է սոցիալապես խոցելի խավերի համար որակյալ կրթությունը հասանելի դարձնելը և այդ ընտանիքների անդամներին վերապատրաստման ծրագրերով համապատասխան աշխատատեղերի առաջարկումը», – ասել է վարչապետը:

Երևանի պետական և մանկավարժական համալսարանները ներկայում պատրաստում են սոցիալական ծառայողներ և, Տիգրան Սարգսյանի խոսքով, անհրաժեշտություն կա արդիականացնելու դասավանդումը` միաժամանակ հաշվի առնելով միջազգային փորձը: