ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընդդիմության անցկացրած «Միլիոնների երթի» արդյունքում ավելի քան 650 մարդ է ձերբակալվել: Մայրաքաղաքային ոստիկանությունը, իր հերթին, հայտնել է Բոլոտնայա հրապարակում (հանրահավաքի անցկացման վայրը) ձերբակալված 400 անձանց մասին, գրում է Newsru.com-ը:
Ձերբակալություններից մի քանի ժամ անց ակցիայի մասնակիցների մի մասն ազատ է արձակվել: Նշենք, որ ոստիկանությունը սկսել է ձերբակալել Բոլոտնայա հրապարակի հանրահավաքի մասնակիցներին իրավախախտումների իրականացման հիմքով: Ոստիկանության և ընդդիմության միջև բախում է սկսվել, որի արդյունքում 37 մարդ է տուժել, նրանցից 29-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
Ըստ տարբեր գնահակատականների` ընդդիմության հանրահավաքին 100 հազար մարդ է մասնակցել:
Լուսանկարները`Իլյա Եպիշկինի
Ընդդիմության հանրահավաքը նախորդում էր նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությանը, որը կկայանա այսօր`12:00-ին:
Նշենք, որ այսօր կազմալուծվել է ՌԴ կառավարությունը, ինչը կապված է Պուտինի` նախագահի լիազորությունները ստանձնելու հետ, քանի որ վերջինս 4 տարի ղեկավարում էր նախարարների կաբինետը:
ՌԴ Սահմանադրությունն արգելում է համատեղել վարչապետի և նախագահի պաշտոնները, այդ իսկ պատճառով Պուտինի երդման արարողությունից հետո նա կնշանակի կառավարության ղեկավարի պաշտոնակատարին: Ապագա վարչապետի անունը պարզ էր դարձել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Պուտինը «Եդինայա Ռոսիայի» համագումարի ժամանակ Մեդվեդևին առաջարկել էր վարչապետի պաշտոնը: