Այս ընտրություններին ունիկալ կերպով է կիրառվել վաղուց մոռացված կարուսելի մեթոդը, ինչի մասին են վկայում առանց քվեաթերթիկների ծրարների հայտնաբերման բազում դեպքերը: Ներկայացնելով ընտրությունների դիտարկման նախնական զեկույցը` այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այդ տարրը, ըստ Սաքունցի, անուշադրության են մատնել բազում դիտորդներ ու վստահված անձիք:
Համաձայն իրավապաշտպանի ղեկավարած դիտորդական խմբի անդամների բացահայտումների, արձանագրել են խնդիրներ կապված կնիքների հետ, ընտրակաշառքների դեպքեր ընտրության օրն ու դրա նախորդող լռության օրը, անուշադրություն ընտրակեղծիքների հանդեպ հանձնաժողովների անդամների կողմից, ովքեր միայն զբաղված են եղել մատյաններում բացակա մարդկանց անունները հայտնաբերելով և կապ տալով, որ մարդկանց բերեն քվեարկության:
Վստահված անձերի գործառույթն է եղել բացակայած ընտրողներին ցուցակներում գտնելը և բերելը ընտրատարածք: Կային նաև հանձնաժողովներ, որտեղ հանձնաժողովի նախագահները չէին հետևում ընտրության ընթացքին և ոչինչ չէին ձեռնարկում մինչև դիտորդները չէին ստիպում գործել:
«Արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր: Քվեախցերը դրված են եղել որոշ դեպքում ոչ թե դեպի պատը, այլ դեպի պատուհանը: Ընտրական պրոցեսի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնված չի եղել», – ասել է Սաքունցը` նկատելով, որ դիտորդների ահազանգերը ընտրախախտումների մասին պատշաճ գնահատականի չեն արժանացել ոստիկանության կողմից:
Բանախոսն ասել է, որ եթե 2007թ. զանգվածային էին ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքների դեպքերը, այս անգամ համատարած էին ՀՀԿ-ի կողմից տրվող կաշառքները: Նա հավելել է, որ քիչ չափով ընտրակաշառք են բաժանել նաև ՀՅԴ-ի համար:
Իրավապաշտպանն ասել է, որ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցի մեջ կարուսելի վերաբերյալ որևէ ակնարկ չի արվել:
«Փաստերի շահադրման տեսանկյունից հնարավորինս օբյեկտիվ էր, սակայն խաղաղ անցկացնող ընտրություններ ձևակերպումը չափասզանց մեղմ է ասված: ԱՊՀ դիտորդների մասին մեկնաբանություն անել չեմ ուզում, քանի որ նրանք ներկայացնելով ավորիտար ռեժիմ ունեցող երկրներ`նորմալ են համարում այն ընտրությունները, որոնք անցել են մեզ մոտ»,- ասել է Սաքունցը:
Վանաձորում մեծամանասկան ընտրակարգով ընտրված անկուսակցական իրավապաշտպան Էդմոն Մարուքյանի հաղթանակը մեկնաբանելով` Արթուր Սաքունցն ասել է, որ այդ հաղթանակում դեր ունի վանաձորցիների ընդդիմադիր պահվածքը:
Բանախոսը հիշեցրել է, որ նախորդ դեպքերում ընտրվել է Վիկտոր Դալլաքյանը, երբ նա իշխանական ՀՀԿ-ի ներկայացուցիչ չէր:
Սաքունցի խոսքով` վանաձորցիների կեցվածքի մեջ դեր ունի նաև երկար տարիների ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վարած աշխատանքը: Նա նաև նկատել է, որ Մարուքյանը հայտնի է քաղաքում որպես լավ իրավապաշտպան: