«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու, գրում է «Երկիր» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից, իսկ նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:
«Արդեն երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Լուրն, ի դեպ, «Երկիր»-ի հետ զրույցում Փոստանջյանը ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել է», – գրում է օրաթերթը` ընդգծելով, որ եթե Փոստանջյանը հրաժարվի մանդատից, ապա նրա փոխարեն խորհրդարան կգնա Ստեփան Սաֆարյանը:
Նման զարգացումների դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանում հետևյալ տեսքը կունենա` Խաչատուր Քոքոբելյան, Ալիկ Արզումանյան, Ռուբեն Հակոբյան, Ստեփան Սաֆարյան, Անահիտ Բախշյան:
Նշենք, որ երեկ Epress.am-ի հետ զրույցում կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ «Ժառանգություն» համասմանական ցուցակի առաջին 6 համարները, որոնք, ըստ ընտրության արդյունքների, մտնում են խորհրդարան, չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները: